Այսօր Ալավերդի միավորված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստն էր, որին չէին մասնակցում միայն ՔՊ-ական ավագանու անդամները: Չնայած մտահոգություններին, նիստը կայացավ եւ քվորում եղավ:
Բաց քվեարկությամբ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն ընտրվեց համայնքի ղեկավար:
Նիստին մասնակցում էին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս հայտարարեց, որ սա թիմային աշխատանքի արդյունք է, թիմում հավաքված այն մարդկանց աշխատանքի արդյունքն է, որոնք տարիներ ի վեր իրենց նվիրումն են բերել համայնքին. «Վստահ եմ, որ ներկայացված ավագանու միջոցով մեր թիմն ավելի մեծ է լինելու ու բացառիկ ներդրում ենք ունենալու Ալավերդի համայնքի զարգացման գործում՝ համայնքի բնակիչների հետ: Ես վստահ եմ, որ մեր մեծ թիմը էապես փոխելու է Ալավերդի համայնքում կյանքը: Մենք քննարկումներ ենք ունեցել ու գիտենք, որ ցավոք, բազմաթիվ կուտակված խնդիրներ կան համայնքում եւ մենք այն վստահությամբ ենք մասնակցել ընտրություններին, որ մենք գործ ունենք, հնարավորություններ՝ համայնքի բնակիչների կյանքը փոխել»:
Նա վստահեցրեց, որ համայնքի ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո ամեն օր իրենց աշխատանքով ամրապնդելու են ընտրությունների ժամանակ ստացած ձայները. «Այն բնակիչները, որոնք ընտրել են կամ չեն ընտրել, որեւէ կասկած չպետք է ունենան, որ ճիշտ ղեկավար է ընտրվել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում էական փոփոխություններ կլինեն մեր գլխավորած աշխատանքով»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: