Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում ի՞նչ ճնշումների մասին է բարձրաձայնում «Ապրելու երկիր» կուսակցությունը

Հոկտեմբեր 10,2022 19:50

Հոկտեմբերի 12-ին նշանակված է Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը: Որի ընթացքում ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 47 տոկոս ձայն, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 49 տոկոսը: «Հայ ազգային կոնգրեսն» ու «Հայ Յեղափոխական դաշնակցության» կուսակցությունները ստացել  էին 2-ական տոկոս ձայներ:

Ավելի ուշ, «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը հանդես եկան հայտարարությամբ, որ պատրաստվում են համագործակցել:

Շրջանառվող լուրերի համաձայն ՔՊ-ն փորձում է ճնշումներ գործադրել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք ավագանու անդրանիկ նիստին կա՛մ չներկայանան, կա՛մ էլ այլ դիրքորոշում ցուցաբերեն, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն չընտրվի քաղաքապետ։

Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, որը սակայն ընտրություններից հետո ինքնաբացարկ էր հայտնել: Այժմ ցուցակը գլխավորում է Շնողի վարչական ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Դավիթ Ղումաշյանից, թե որքանո՞վ է լուրն իրականությանը համապատասխանում եւ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը. «Իրականությանը չի համապատասխանում լուրը: Միգուցե հակառակն է լինում, հիմա ես ի՞նչ իմանամ: Նման բան չկա, ես առաջին անգամ եմ լսում: Չգիտե՞ք լուրերը ոնց են տարածվում, հիմիկվա լուրերի 98 տոկոսը սուտ է»,- ասաց Ղումաշյանն ու նշեց, որ ինքը պատրաստվում է մասնակցել առաջիկա նիստին:

Անդրադառնալով այն հարցին, որ իր հետ կապված կան դատական գործեր, իսկ վաղը՝ հոկտեմբերի 11-ին նշանակված է դատական նիստը, Ղումաշյանն ասաց. «Դատական գործ կա, բայց վաղը նշանակված չէ: Չեմ ուզում մեկնաբանել, թե ինչի հետ է կապված գործը: Բայց ընտրությունների հետ ընդհանարպես կապ չունի»,- եզրափակեց Ղումաշյանը:

Իրենց թիմակիցների նկատմամբ ճնշումների մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ գրելով․ Իշխանություններն Արցախից հրաժարվելը, թշնամու ագրեսիան, պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ․ Գ․ 2021 թվականի մարտի 11-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Ղումաշյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Գեղամի Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 13-ին վերընտրվելով Շնող խոշորացված համայնքի ղեկավար և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները՝ իր անունից գրություն է հասցեագրել դատարան՝ հետ վերցնելով իր կողմից ներկայացված թիվ ԼԴ4/0350/02/13 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Շնող համայնքի իրավունքներին և օրինական շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31