Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Արցախի ճակատագրի վճռման հարցում այլեւս գործոն չէ

Հոկտեմբեր 14,2022 12:00

Հայաստանի իշխանությունն, ինչպես Ադրբեջանինը, փաստորեն, համարում են, որ՝ «Ղարաբաղի խնդիրը լուծված է»

Վերջին շաբաթներին հատկապես՝ պաշտոնական Երեւանն առավել ընդգծված է սկսել շեշտել դիրքորոշումը, որ կողմնակից է Ստեփանակերտ-Բաքու շփումների միջոցով Արցախի ապագայի հստակեցմանը: Անցյալ շաբաթ իշխող քաղաքական կուսակցությունից, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ Factor TV-ին տված հարցազրույցում հստակ նշել է. «Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում եւ հետեւանքով ՀՀ-ն այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերեւս կարեւորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, եւ, թերեւս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, եւ անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»։

Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների եւ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ: ԱՀ անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես անդրադառնալով սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցում հնչեցված մտքերին, վերահաստատել էր Արցախի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: «Անառարկելի է, որ 1991թ. Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի եւ ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, եւ Արցախը երբեւէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ եւս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու եւ տնօրինելու ուղղությամբ:

Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով:

Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է եւ գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը»:

Հայտարարությունում նաեւ արձանագրվել էր, որ կա ընկալում, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի եւ տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարեւոր հիմք: Սակայն, նաեւ հավելում էին. «Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարեւորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որեւէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը եւ սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով»:

Վերոնշյալ հայտարարության տարածումից մեկ օր անց MediaHub.am-ին տված հարցազրույցում Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդգծել էր, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը: Հայաստան-Ադրբեջան նախապատրաստվող խաղաղության պայմանագրին անդրադառնալով՝ նա նշել էր. «Արցախահայության շահերի հաշվին որեւէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը եւ սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բայց եթե այդպիսի բան չի արվելու, բխելու է Հայաստանի շահերից, անվտանգությունից, ապա ես չէ, որ Հայաստանի իշխանություններին պիտի ասեմ՝ ինչ անեն»։ ԱՀ ԱԺ նախագահը հիշեցրել էր, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչեւ այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր հանրապետության օր. «Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին «այո» է ասել անկախությանը: Ես ուրիշ տեսակետ ունենալ չեմ կարող։ Բացի դրանից, մենք ունենք 1992 թ. հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Որպես անկախ պետություն ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլեւ բոլոր պետությունների հետ փոխշահավետ համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրելու կողմնակից ենք»։

Արթուր Թովմասյանը նաեւ անդրադարձել էր վերջերս թեժացած՝ Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով. «Բուդապեշտի գագաթնաժողովից հետո 90-ական թվականներին Արցախի իշխանությունները նույնպես որպես հակամարտող կողմ մասնակցում էին բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք արցախյան արյունոտ երեք պատերազմների շահառուն ենք։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի պարագայում ցանկացած ձեւաչափի դեպքում էլ Ադրբեջանը գնում է վիժեցման՝ պատերազմի սպառնալիքով, ասելով, որ հիմնախնդիրը լուծված է։ Դրան հակառակ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր ձեւակերպումներով վերահաստատել է, որ Արցախյան հիմնախնդիր գոյություն ունի, կարգավորման համապարփակ անհրաժեշտություն են տեսնում»։

Ուշագրավ է, որ Արցախի Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունից մեկ օր անց ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր. «Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարեւորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Այսինքն, պաշտոնական Երեւանն արդեն Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմի ստեղծման հարցը օրակարգային է դարձրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչպես պաշտոնական Բաքուն, համարում են, որ ԼՂ-ի խնդիրը լուծված է եւ Հայաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում այլեւս գործոն չէ:

Անցյալ շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հետ… «Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող…»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էր, թե՝ սա ի՞նչ է ենթադրում եւ Ադրբեջանն արդյոք դիրքորոշում ունի՞։ «Հիմա կա տեսակետ՝ Բաքու-Ստեփանակերտ կամ ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ»։ Միրզոյանի խոսքով՝ երբ հանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնեն։

Ինչպես նկատում ենք՝ պաշտոնական Երեւանն էլ արձանագրում է, որ նույնիսկ այս հարցում չկա փոխընդունելի մոտեցում, ու սա այն դեպքում, որ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով արդեն հստակ հասկացնել են տալիս, որ չեն խառնվելու Արցախի ճակատագրի որոշման հարցերին:

Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ քննարկումների ի՞նչ մեխանիզմ է առաջարկվել, մինչդեռ Արցախից հայտարարում են, թե պատրաստ են բանակցել Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որը արդեն տեւական ժամանակ է չի գործում՝ ռուս-ուկրաինական սրացման պատճառով:

Այս ձեւաչափը վերականգնելու հնարավորություններ կա՞ն, թերեւս, այս հարցի պատասխանն այսօր շատերը չունեն: Բայց մի բան պարզ է՝ Արցախի ճակատագիրն այս բարդ փուլում թողնել անորոշ՝ նշանակում է Արցախը դնել ուղղակի սպառնալիքի տակ:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին Ստեփանակերտը դեմ չէ: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն անցյալ շաբաթ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել էր Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների հնարավորությանը, նշելով, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ են, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ: Բաբայանը հիշեցրել էր, որ հստակ ձեւաչափ կա, որն ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝ 1994-ին. «Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձեւաչափը, որով Արցախը ճանաչված է որպես ե՛ւ բանակցությունների, ե՛ւ հակամարտության կողմ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե, պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի ներգրավմամբ։ Ուղիղ բանակցությունները կարող ենք ընկալել տարբեր ձեւերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը եւ Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետեւ հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»:

Հոկտեմբերի 2-ին Ժնեւում Միրզոյանի ու Բայրամովի միջեւ ունեցած հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։ «Փաստինֆո»-ին Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ «ԼՂ հայեր» եզրույթի կիրառումն ընդունելի՞ է, արդյոք, նման մակարդակի բանակցությունների ժամանակ, հարցին պատասխանելիս նա նշել էր. «Արցախի Հանրապետության իշխանությունների համար ընդունելի է ԼՂՀ կամ Արցախի Հանրապետության քաղաքացիներ եզրույթը»։

Իսկ գալով Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմ ստեղծելու հարցին, Արցախ-Ադրբեջան ուղիղ կապի հնարավորությանը՝ Ավանեսյանը նկատել էր. «Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ առկա հարաբերություններին ԱՀ նախագահը անդրադարձել է 2022թ. սեպտեմբերի 19-ի ուղերձում՝ նշելով, ԱՀ-ն բաց է ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի, առանց Արցախի կարգավիճակի հարցի շոշափման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը, ապա 2022թ. հոկտեմբերի 3-ի ԱՀ ԱԽ հայտարարության մեջ հստակեցվել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31