«Փաստագրված ու ապացուցողական հիմքով ունենք Շուշիի գեղարվեստի գործերի 1026 նմուշ, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կազմակերպված Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը։
Նա հայտնեց, որ իրենց խմբի աշխատանքների նպատակն է բացահայտել այն բոլոր հավաքածուները, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում՝ Շուշիում մնացած հավաքածուները։ Այնուհետև նշեց․ «Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է։ Կարող է նոր մարդիկ բացահայտվեն, որ ունեին Շուշիում հավաքածուներ։ Սա մեր թիվ մեկ գործն էր, որը կատարեցինք։ Բավականին դժվար գործ էր, ամենադժվար խնդիրն էր բացահայտել այս յուրաքանչյուր հավաքածուի մեջ պահպանվող ժամանակին եղած մշակութային արժեքը։ Փաստորեն Շուշիի գրավման ժամանակ Շուշիում է մնացել ոչ միայն թանգարանային, գեղարվեստական հավաքածուներ, այլև դրանց ցանկերը, կատալոգները, ամեն փաստաթղթեր, որոնք թանգարանում պիտի պահվեին։ Ուստի ստիպված էինք երբեմն զրոյից հավաքագրել ցանկերը»։
Սերգեյ Շահվերդյանը շեշտեց՝ այս հրապարակումը պաշտոնական է և այսուհետ պետք է օգտագործել այն ձևակերպումներն ու անվանումները, որոնք այսօր հրապարակվում են։ Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուներն ութն են։ Նա նշեց՝ Շուշիի պատկերասրահի հավաքածուն չկարողացանք ստանալ։ Անհրաժեշտ աջակցությունը այնտեղի պատասխանատուների կողմից չկա։

Կարդացեք նաև


Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի կատարած աշխատանքների արդյունքում բոլոր թանգարանների և հավաքածուների համար ցանկեր են կազմվել, դրանց հիման վրա ստեղծվել են շնորհանդեսային նյութեր ավելի վիզուալ ընկալման համար։ Պատկերները կոդավորված են։
Խոսելով մշակութային ժառանգության պաշտպանության հարցում դատական ընթացքի մասին՝ Սերգեյ Շահվերդյանն ասաց․ «Մենք ունենք փայլուն ընթացք Էմիլ Աբրահամյանի գործերի վերաբերյալ, որոնք հիմնականում Հադրութում ու Շուշիում են մնացել։ Իր այրին դիմել է տարբեր միջազգային ատյաններ, և որոշ ատյաններում արդեն ընթացք է տրված։ Մեկ բան պիտի հստակ իմանանք՝ միջազգային իրավունքն ավելի պաշտպանում է մասնավոր անձերի իրավունքները, քան պետության իրավունքները։ Այդ առումով պետք է նաև մեծ աշխատանք տարվի այս հավաքածուներում տեղադրված մասնավոր անհատներին պատկանող ցուցանմուշների սեփականատերերի հետ, որ կարողանանք այլ դատական ընթացքներ տալ»։
Սերգեյ Շահվերդյանը նաև տեղեկացրեց՝ իրենց կատարած գործի շարունակությունը կլինի Շուշիի մյուս թանգարանների և հավաքածուների նյութերի ամփոփումը։ Հաջորդ շնորհանդեսը կլինի Շուշիում մնացած թանգարանային հավաքածուների վերաբերյալ։ Կարևորվեց, որ այսպիսի շնորհանդեսներ կազմակերպվեն ոչ միայն Ստեփանակերտում, այլև Երևանում և այլ վայրերում։ Սերգեյ Շահվերդյանն ասաց․ «Անշուշտ անհրաժեշտ է Շուշիի պետական թանգարաններն այստեղ՝ Ստեփանակերտում կամ որևէ այլ տեղ պահել, համալրել նոր ցուցանմուշներով։ Թե′ Հադրութի, թե′ Շուշիի թանգարանները պետք է գործեն։ Ոչ թե գործեն ֆորմալ ձևով, այլ սկսեն վերականգնել իրենց համբավը՝ նոր ցուցադրություններ կազմակերպելով։ Որպես պետական խորհուրդ՝ նախաձեռնել ենք ընդհանուր թվային հարթակ, որտեղ կենտրոնացած է լինելու ամբողջ տեղեկատվական բազան կորուսյալ մշակութային արժեքների վերաբերյալ՝ թե′ շարժական մշակութային արժեքների, թե′ անշարժ հուշարձանների վերաբերյալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































