Հոկտեմբերի 19-ը ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Նրանք երկուսն էլ զոհվել են 44-օրյա պատերազմում` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Զոհված հրամանատարների հարազատները, մարտական ընկերներն ու համաքաղաքացիները Իջևանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց մահվան 2-րդ տարելիցի կապակցությամբ։
Գնդապետ Թաթուլ Ղազարյանը 2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատարը, Արմեն Օհանյանը 2016թ․ -ից հանդիսացել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։




Փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.-ին։ Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա, տեղափոխվելով Հայաստան, նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․ -ից հանդիսացել է Իջևանի N զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները: Ծառայության ընթացքում իր պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության»,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ»,«Մարտական Հերթապահության I-ին կարգի աստիճան»,«Անբասիր ծառայության» I-ին, II-րդ, III-րդ աստիճանի գերատեսչական,«Բանակի 20 տարի» հոբելյանական մեդալներով և «Երկրապահ կամավորականների միության» հուշամեդալով: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևարվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ


















































