Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝  ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ու փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակին

Հոկտեմբեր 20,2022 18:44

Հոկտեմբերի 19-ը ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Նրանք երկուսն էլ զոհվել են 44-օրյա պատերազմում` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Զոհված հրամանատարների հարազատները, մարտական ընկերներն ու համաքաղաքացիները Իջևանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց մահվան 2-րդ տարելիցի կապակցությամբ։

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը 2018թ-ից  եղել է Իջևանի N զորամասի հրամանատարը, Արմեն Օհանյանը 2016թ․ -ից հանդիսացել է  նույն զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին: Սևքարի դպրոցն ավարտելուց  հետո ընտրել էր հայրենիքին ծառայելու նվիրական ճանապարհը: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում: 2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս է արժանացել պետական պարգևների: 2020թ-ի հոկտեմբերի 19-ին` իր զինակից ընկերների հետ, մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Ղազարյանը իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը` թե ուսումնառության, թե զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնաց էր պատերազմ՝ իր սրբազան պարտքը կատարելու: Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու արժանացել է  «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել Հայրենիքի ու «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։

Փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.-ին։ Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա, տեղափոխվելով Հայաստան, նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․ -ից հանդիսացել է Իջևանի  N զորամասի  հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները: Ծառայության ընթացքում իր պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության»,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ»,«Մարտական Հերթապահության I-ին կարգի աստիճան»,«Անբասիր ծառայության» I-ին, II-րդ, III-րդ աստիճանի գերատեսչական,«Բանակի 20 տարի» հոբելյանական մեդալներով և «Երկրապահ կամավորականների միության» հուշամեդալով: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևարվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31