Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցածը տեղավորվում է իշխանության գործելաոճի մեջ»

Հոկտեմբեր 20,2022 22:40

«Ես դեռ օգոստոսին էի ասել, որ սեպտեմբերից սկսվելու են բռնությունները ընդդիմադիր սեգմենտի նկատմամբ: Պարզապես, սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունները մի փոքր տեղաշարժեցին գրաֆիկը, որը մի ամսով հետաձգվեց»- «Հայելի» ակումբում, անդրադառնալով երկու օր առաջ իր տան բակում քաղաքական, հասարակական գործիչ, նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«Տեղի ունեցածը տեղավորվում է իշխանության գործելաոճի մեջ: Ինձ չի թվում, թե դա հանրությանը շեղելու նպատակ էր կրում: Դա պատժամիջոց էր Էդգարին: Ես վերջին օրերի նրա ելույթները չեմ լսել, բայց վստահաբար դա կարող է կապված լինել հայտնի տիկնոջ մասին նախորդ գիշեր արած հրապարակման հետ, որովհետեւ ինձ վրա էլ քրեական գործ բացեցին, երբ ես նրա հետ կապված գրառում կատարեցի: Այնուամենայնիվ, սա պատժամիջոց է եւ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, որ բոլորի նկատմամբ կարող են տեղի ունենալ բռնություններ, անօրինություններ»,-ասաց փորձագետը:

Նա նաեւ անդրադարձավ այդ բռնությանը հետեւած արձագանքներին. «Էդգարի հետ կապված՝ ես ուրիշ դժգոհություններ ունեմ: Խոսքն այդ իրադարձության վերաբերյալ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող որոշակի դրսեւորումն է: Դա վերաբերվում է հիմնականում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խմբին, որոնք մի ձայնի պես սկսեցին արժեզրկել Էդգար Ղազարյանին եւ տեղի ունեցածը, իբրեւ չեն հավատում, որ «նրա գանգատուփը ցխված է»: Ես ցնցված էի դրանից, որովհետեւ կապ ունեի հիվանդանոցի հետ, տեղյակ էի, որ քացով հարվածել են գլխին, որ կար են դրել: Եվ քանի որ գործը հասել է դատաբժշկական փորձաքննության, ուրեմն նա լուրջ վնասվածքներ է ստացել:

Բայց այստեղ ուրիշ հարց կա: Ինչ-որ մի ագրեսիվ խմբակ փորձում է պառակտել ընդդիմադիր ընդհանուր շարժումը` իբրեւ Էդգար Ղազարյանը Սերժ Սարգսյանի դրածոն է եւ ծառայում է Նիկոլի շահերին: Սա բացարձակապես անընդունելի մոտեցում է, եւ յուրաքանչյուր փորձ, որն ուղղված է պառակտելու առանց այդ էլ փոքր ընդդիմությանը, ես ընդունում եմ որպես նիկոլապաշտության ծայրագույն դրսեւորում» -ասաց տիկին Ադիբեկյանը եւ այդպիսիներին հորդորեց նստել ու լավ մտածել, թե ում են ծառայում:

«Չկա Ռոբերտ Քոչարյան, չկա Էդգար Ղազարյան, չկա Արմինե Ադիբեկյան: Կա Նիկոլ եւ բոլոր նրանք, ովքեր նրա դեմ են, ովքեր հասկանում են այդ անձի աղետալի քաղաքականությունը եւ ճիգ են գործադրում այդ աղետից ազատվելու համար: Նստեք ձեր տները, ֆեյսբուքն անջատեք ու մտածեք: Պատկերացնո՞ւմ եք, մի  զանգված կա, որին Էդգար Ղազարյանի ստացած վնասվածքի ծավալը չի բավարարել: Չեն էլ ամաչում»-ասաց Արմինե Ադիիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31