Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդում եմ ներկայացնելու Գլխավոր դատախազին․ այդպես չի կարող լինել, որ վերցնեն պետական օդանավն ու շրջագայեն, պիտի հաշվետվություն տան»․ Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 27,2026 12:10 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ այսօր պետք է հրավիրվեր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում պետք է ներառվեր պատգամավորների, կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումը։ Սակայն նիստը չգումարվեց, քանի որ ՔՊ խմբակցության անդամները չէին ներկայացել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ-ում տեղի է ունենում մի մեծ ապօրինություն։ «Խոսքը վերաբերում է նրան, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն իրավունք է տալիս հանձնաժողովների անդամների առնվազն 1/4-ին նախաձեռնել հանձնաժողովի արտահերթ նիստ, որը պետք է անցկացնել նախաձեռնողի օրակարգով, նախաձեռնողի սահմանած օրն ու ժամին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմված է 7 հոգուց, 7-ից երեք պատգամավորներ նախաձեռնել են արտահերթ նիստ։ Մենք դեռևս նոյեմբերի 18-ին հանձնաժողովի նախագահին տեղեկացրել ենք։ Հանձնաժողովի անդամները ևս պատշաճ տեղեկացված են։ Հանձնաժողովի նախագահն ինձ մի հատ անմիտ գրություն է գրել, որ գործուղումների վերահսկողության հարցերը հանձնաժողովի իրավասությունից դուրս են։ ՔՊ խմբակցության ոչ մի անդամ, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը, տեղակալն ու մյուս պատգամավորները չեն ներկայացել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շահագրգռված չէ այս հարցերի քննարկմամբ, քանի որ անընդհատ շրջագայությունների մեջ է։ «Այս պահին ինքը գործուղման է, վերջին անգամ իրեն տեսել են Բունդեսթագի կռիշում»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ Գլխավոր դատախազը պետք է անհանգստանա, քանի որ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածը պաշտոնեական անփութությունը նկարագրում է այսպես՝ «պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերի կամ հասարակության կամ պետական օրինական շահերին»։

«Ես այսօր հաղորդում եմ տալու Գլխավոր դատախազին»,- հավելեց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանն ասաց, որ իրենք պահանջում են քննել հարցը, որ գործուղումների վրա պետբյուջեից հսկայական միջոցներ են ծախսվում, իսկ հասարակությունը տեղյակ չի լինում։

«Օրինակ՝ մեր հասարակության մեջ որևէ մեկը տեղյա՞կ է, թե Ալխաս Ղազարյանն ինչո՞ւ էր գնացել Թուրքմենստան։ Բայց պետական բյուջեից դրա վրա գումար է ծախսվել։ Մենք որոշման նախագիծ ունենք, որ հանձնաժողովը որոշում կայացնի, ամիսը մեկ անգամ՝ ամսվա վերջին այս իշխանության մարմինները հանձնաժողովին ներկայացնեն ամփոփ տեղեկատվություն բոլոր գործուղումների վերաբերյալ, և գործուղման գնացած պաշտոնյաները գան հաշվետվություն ներկայացնեն, հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»,- ասաց նա։

«Օրինակ՝ ինձ հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել Անթալիա՝ COP-31-ի համաժողովի։ Այդպես չի կարող լինել, որ վերցնեն պետական օդանավն ու շրջագայեն, պիտի հաշվետվություն տան ԱԺ-ին և մեր ժողովրդին։ Թե չէ ամեն մեկն իր համար մի հատ զբոսաշրջային գործակալություն է բացել, մեկի անունը դրել են «բանան թրավել», մյուսի անունը՝ «Ռուբեն թրավել», մյուսինը՝ «մեռել թրավել» ու շրջագայում են։ Վահագն Ալեքսանյանը գնացել է Տանզանիա, կարող ենք, չէ՞ իմանալ՝ ի՞նչ կլիներ, եթե ինքն այդ առյուծի ձագերին չհանդիպեր։ Կամ որ գնացել հանդիպել է, մեր հասարակությունը դրանից ի՞նչ արդյունք է ստացել»,- հավելեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել