Վանաձորի Լանջային թաղամասի բնակիչներն անհանգստացած են: Պատճառն այն է, որ թաղամասում սողանք է եղել, ճանապարհը փլվել է: Բնակիչները վախով են ապրում, որ մի օր հանկարծ նաեւ իրենց բնակարանները չփլվեն սողանքի պատճառով. «Մի քանի օր առաջ ճեղք նկատեցինք, բայց ջուր դուրս չէր գցում: Առավոտը ճեղքը բացվել էր, հողը նստել էր, ջուրը գնում էր: Դիմեցի ջրմուղ, ջուրը փակեցին: Բայց հիմա սողանք է առաջացել, կորոշեն, թե ի՛նչ պետք է անեն: Էս ներքեւի բնակիչն եմ ես, անհանգստանում եմ, որ էլի սողանք չլինի ու տունս չփլի»,-ասում է թաղամասի բնակիչ Արթուր Վանեսյանը:
Բնակիչների խոսքով՝ պատկան մարմիններն իրենց թաղամասին անուշադրության են մատնել. «Շարունակությունը երեւում է, հենա ճեղքերը գնում են: Ամբողջ թաղամասն էլ վթարային է: Մենք մեր ուժերով մի բան սարքում ենք, որ փողոցը, որ փոս չլինի, ջուրը տրաքում է, գալիս են քանդում ու գնում: Առաջ գոնե իրենց քանդածն ասֆալտ էին անում, հիմա չկա տենց բան: Էս թաղին տիրություն անող չկա, փուլ է գալիս, մի օր սաղ տները հետը պտի գնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Թաղամասում վախով են քնում ու արթնանում: Ասում են ամեն րոպե սպասում են, որ սողանքն ավելի կմեծանա ու վնաս կհասցնի բնակարաններին: Միեւնույն ժամանակ հուսով են, որ բարձրաձայնելուց հետո խնդիրը լուծում կստանա:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ



















































