Այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել ռուս հերոս զինվորների հիշատակը, որոնք Ուկրաինայում կռվում են ՆԱՏՕ-ի, հավաքական Արեւմուտքի դեմ ու կռվելով այնտեղ՝ նրանք, ըստ Գեղամյանի, «պաշտպանում են նաեւ Հայաստանի պետականությունը»:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է հասկանալ ՌԴ-ի նպատակները, ուզո՞ւմ է ՌԴ-ն մնալ տարածաշրջանում, լինել Հարավային Կովկասում, որովհետեւ երբ ՌԴ-ից ասում են՝ մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերը, մենք էլ կարող ենք ասել, որ այստեղ չենք կարող ավելի ռուս լինել, քան ռուսները: Նա հիշեցրեց, որ հայերին մեղադրում էին, որ միաժամանակ երկու աթոռի վրա են փորձում նստել՝ ՌԴ-ի ու Արեւմուտքի ու զգուշացնում էին, որ այդ վիճակով երկար չեն մնա, մինչդեռ հիմա այդ ընտրությունը ՌԴ-ի առաջ է, ՌԴ-ն պիտի որոշի՝ մնո՞ւմ է այստեղ, թե՞ չէ:
Զատուլինը, ի պատասխան հարցի՝ ՌԴ-ն ուզո՞ւմ է մնալ Կովկասում, թե՞ չէ՝ ասաց, որ հեշտ է դրա պատասխանը գտնել՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն խաղաղապահներ է ուղարկել Ղարաբաղ. «Մի քիչ տարօրինակ է, որ հարց է առաջանում, թե մենք պատրաստվում ենք հեռանալ ու միաժամանակ ուղարկում ենք խաղաղապահների հակամարտության գոտի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՌԴ-ի մեկուսացմանը, նա ասաց, որ ՌԴ-ում տեսակետներ կան, որ պետք է պահել Ադրբեջանի հետ հարաբերությունները ու պատմեց. «Տարիներ առաջ մեր ազգային գործիչներից մեկը՝ գրող, գլխավոր խմբագիր, Բաքվում համաժողով էր անցկացնում, որը կոչվում էր՝ «Ադրբեջանը միակ դաշնակիցն է ՌԴ-ի»: Նրա մոտ այդպիսի պատկերացում կար»: Նա ասաց, որ ինչ անուն էլ տան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՌԴ հարաբերություններին, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չեն ու չեն կարող թվարկել ՀՀ-ի հետ համագործակցության փաստաթղթերի ամբողջական փաթեթը, բացի այդ, Հայաստանում կա՝ Գյումրիում 102-րդ ռազմաբազան»:
Ինչ վերաբերում է նկուղներում «Լազարյան ակումբի նիստն անելուն, նա արձագանքեց, որ հիմա բոլորովին էլ բունկերում կամ նկուղում չեն, Մոսկվայում «Россия сегодня» մամուլի կենտրոնի նախագահական դահլիճում են, որտեղ պատահական չեն կարող հայտնվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































