Սեպտեմբերի 28-30 Ստեփանակերտում անցկացվել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստը, որին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 60 մասնագետներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Միջոցառումը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի կառավարության աջակցությամբ:

«Երկու ամիս է՝ այստեղ եմ և, ամեն անգամ վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ մարդիկ, որոնք այստեղ են ապրում, նույնպես հերոսներ են, որովհետև իրենց ամենօրյա կյանքով ապացուցում են, որ հայրենիքն իրենց համար կարևոր է, որ իրենք այստեղ են տեսնում իրենց ապագան: Այս հավաքին մասնակցելու խնդիրն է՝ ուրվագծել Արցախի զարգացման և անվտանգության ռազմավարությունը, մշակութային և տնտեսական այն միջավայրի պահպանումը, որտեղ արցախցիներն իրենց կզգան հաջողված, կտեսնեն իրենց և իրենց երեխաների երկարաժամկետ ապագան Արցախում»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Կարդացեք նաև
Եռօրյա քննարկումների արդյունքները, հնչեցված գաղափարները կամփոփվեն, կձևավորվեն առաջարկներ՝ դրանք ուսումնասիրելու և հետագայում գործնական ծրագրերի վերածելու համար:
«Մենք նախատեսում ենք շատ կարճ ժամանակում նշանակալի փոփոխություններ կատարել Արցախում։ Այս նիստում քննարկեցինք նախագծեր եւ գաղափարներ, որոնք հնարավոր է իրականացնել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Առնվազն 3-6 ամսվա ընթացքում պետք է սկսենք աշխատանքները եւ շոշափելի արդյունք ցույց տանք։ Մենք լսեցինք կարծիքներ, առաջարկներ, նաև պատկերացում, թե նախագծերի իրականացման գործում ով եւ ինչ ձեւաչափով կարող է մասնակցություն ունենալ ՝ խորհրդատվությունից մինչեւ ներդրումներ Արցախում»,- ասել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Օնիկ Ազնաուրյանը։
Մինչ աշխատանքների մեկնարկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստի մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հերոսների հիշատակին: Աշխատանքների ավարտին հյուրերն այցելել են նաև Գանձասար, ծանոթացել Արցախի պատմամշակութային ժառանգությանը։




















































