«Լուրջ, կարեւոր հարց է։ Ամեն տարի որոշակի մրրիկի միջով ենք անցնում խաղողի մթերման փուլում։ Այս տարի խաղողի մթերումն ավարտվել է։ Ողջ խաղողը մթերվել է։ Մենք չմթերված խաղողի մասին չգիտենք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ մթերման գինը եղել է 120 դրամ՝ ավելի ցածր, քան նախորդ տարի։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց՝ ամեն տարի խաղողի մթերման ժամանակ փոթորիկի միջով անցնելու պատճառներից մեկն այն է, որ ունենք տեսանելիության խնդիր․ «Եթե նայենք, թե ՀՀ-ում ինչքան կոնյակի սպիրտ է արտադրվում եւ արտահանվում, կստացվեր, որ ՀՀ-ում այնքա՜ն խաղող է մթերվում, որ պահանջարկը չի բավարարվում։ Պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է, իրական կոնյակագործությա՞մբ զբաղվելը, թե նրանով, ինչով հիմա որոշ ընկերություններ են զբաղվում։ Իսկ գինեգործության ռազմավարությունում տարբեր մոտեցումներ կան»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ իր հերթին նկատեց՝ եթե գիտեք, Մերձավան գյուղում խաղողագործության ինստիտուտ կա, որը ԳԱԱ-ին է հավանաբար պատկանում․ «Տեղի հողերը մեծ մասամբ սեփականաշնորհվել են, բայց ինստիտուտը գործում է։ Եթե նման հարց կա, առաջինը պետք է դիմել գիտությանը։ Եթե, օրինակ, խաղողի սորտերի կամ գենետիկայի խնդիր կա, արժի ակտիվացնել գիտության հետ համագործակցությունը»։
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ գիտության եւ տնտեսության կապը կարիք ունի ուժեղացման․ «ԳԱԱ-ի հետ ամեն ամիս հանդիպումներ ենք ունենում եւ ընդլայնում համագործակցությունը։ Խոստանում եմ, որ խաղողագործության ինստիտուտի հետ կապված էլ քայլեր կանենք, որպեսզի ընդգրկենք զարգացման ծրագրում»։
Հակոբ Արշակյանը նաեւ հարցրեց՝ Ճապոնիայում, Վիետնամում, Չինաստանում հայկական գինի վաճառելու ռազմավարություն ունե՞նք, դրանք նոր շուկաներ են եւ կբերեն պահանջարկի աճի։ Վահան Քերոբյանն արձագանքեց, որ առաջնային թիրախներնե ն ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան․ «ԱՄՆ-ն ամենաշատ գինի ներմուծողն է եւ կարեւոր շուկա է, որի ուղղությամբ պետք է աշխատենք․ ներուժը մեծ է, քան Ճապոնիայի դեպքում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































