Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ, եւ Ադրբեջանը շարունակում է բռնազավթած պահել Հայաստանի տարածքները. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 11,2022 12:06

Վերջին շրջանում հատկապես ռուսական վարժեցված փորձագետները փորձում են իրենց «մեկնաբանությունների» միջոցով տպավորություն ստեղծել, թե Հայաստանը, ՀԱՄԱՁԱՅՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ հրավիրելով ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին՝ մասնակցելու սեփական տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացին, ցանկանում է ռուսներին կռվեցնել ադրբեջանցիների հետ՝ հանուն իր շահերի: Իրականում Հայաստանի առաջարկը ոչ այնքան իրական օգնություն ստանալու նպատակ էր հետապնդում, քանզի բոլորս էլ շատ լավ հասկանում էինք, որ աջակցություն չի ստացվի, այլեւ միջոց էր՝ հասկանալու, թե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, ինչպես են վերաբերվում երկկողմ կամ որոշակի կառույցների շրջանակներում ունեցած սեփական պայմանագրային պարտավորություններին, այլ կերպ ասած՝ իրենց իսկ ստորագրությանը:

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ, եւ Ադրբեջանը շարունակում է բռնազավթած պահել Հայաստանի տարածքները:

Որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ ռուսական տեղեկատվական դաշտում: Վաղուց ռուսները միայն հակահայկական հոդվածներ են հրապարակում, եւ դա արդեն արձանագրված փաստ է: Այժմ միտումներ են նկատվում՝ փոխելու իրավիճակը:

Եվ հիմա որոշակի տեսակետներ են հնչեցվում, թե Մոսկվան միշտ հույս է ունեցել, որ Բաքուն արտաքին քաղաքականության այնպիսի մոդել կընտրի, որի դեպքում Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունները չեն խանգարի Ռուսաստանի հետ բարիդրացիությանը, եւ, ցավոք, այդ հույսերը չեն արդարացել, որովհետեւ «Ղարաբաղում հաղթանակից անմիջապես հետո Ադրբեջանի բնակիչները սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում սկսել են վայելել այն պահը, երբ «բայրաքթարները» կսպանեն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անջատողականներին»: Եվ նույնիսկ դրանից հետո Մոսկվան «չի հանձնվել» ու 2021 թ. փետրվարի 22-ին Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր է ստորագրել Բաքվի հետ: Սակայն երբ սկսվեց Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, Ադրբեջանի եւ իշխանական, եւ ընդդիմադիր լրատվամիջոցները թշնամական ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեցին հյուսիսային հարեւանի նկատմամբ:

Անդրադառնալով այժմ ադրբեջանական մամուլում եռացող կրքերին՝ ռուսական լրատվական դաշտում կարծիքներ են հնչում, որ հակահայկական, հակաիրանական ու հակառուսական քարոզչությունը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիեւը գործնականում իրականացնում է Աբուլֆազ Էլչիբեյի մտահղացումները, եւ Բաքվի իշխանական քարոզչությունը, ըստ էության, համընկնում է ծայրահեղականների «Ռուսները, պարսիկները եւ հայերն Ադրբեջանի թշնամիներ են» լոզունգի հետ:

Իսկ Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունները, բնականաբար, զգալիորեն սառել են: Ռուսական շրջանակները պատճառներ են փնտրում՝ իբր, դա արեւմտամետ շրջանակների քարոզչության հետեւանք է, որ նման գաղափարների տարածումը հնարավոր է եղել միայն մարդկանց կուլտուրական մակարդակի անկման պատճառով եւ այլն: Սա, իր հերթին, նշանակում է, որ ռուսական շրջանակներում շարունակում են տուրք տալ իրենց իսկ հնարած մտայնությանը, թե հայերն արժանապատվություն, խելք ու կամք չունեն, որովհետեւ «փախչելու ոչ մի տեղ չունեն»: Նրանց պետք է հիշեցնել, որ Մոսկվայից եւ, ընդհանրապես, որեւէ այլ կենտրոնից կախվածության վերացումն է երկրի անկախ քաղաքականության գլխավոր նախապայմանը, եւ հայ ժողովուրդը ձգտում է դրան՝ ցուցադրելով իր այլընտրանքները: Պետք է հիշեցնել, որ Հայաստանի դեմ ամենավերջին աղբը շրջանառության մեջ են դնում կամ փորձում դնել ոչ թե Արեւմուտքում, այլ նույն Ռուսաստանում: Ընդհանրապես՝ ռուսական մամուլն ու հեռուստատեսությունը շնչում են հակահայկական թույնով, եւ ռուսները, պատկերացնո՞ւմ եք, չեն հասկանում, թե «Հայաստանում որտեղից են հակառուսական տրամադրություններ հրահրվում»:

Ամփոփելով այս թեման՝ նշենք. Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. այդ մասին է խոսում նաեւ այն փաստը, թե ինչպիսի հարգանքի ու ջերմության են արժանանում ռուս միգրանտները մեր երկրում: Հայաստանում չկա նաեւ հակաարեւմտականություն, որովհետեւ մենք նույնպիսի հարգանք ունենք բոլոր ժողովուրդների նկատմամբ: Նաեւ պետական քաղաքականությունը պատճառ չենք համարում՝ տրամադրվելու որեւէ ժողովրդի դեմ: Բայց արժանի հակահարված կհասցնենք բոլորին, ովքեր հայկական մարդասիրությունը թուլության նշան կհամարեն, ովքեր կփորձեն արհամարհանքով անցնել այն արժեքների կողքով, որոնցից օգտվել ու օգտվում են, ովքեր կձգտեն հարված հասցնել մեր սրբոցին՝ Հայաստանին:

Ռուս փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ, կորցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ գործի Հայաստանում: Մոսկվա-Բաքու-Անկարա ուտոպիական առանցքի փոխարեն իրական քաղաքականությանը համապատասխանող Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքի անհրաժեշտություն է զգացվում: Ըստ այդ շրջանակների՝ ռուս-իրանական մերձեցումը, Կապանում իրանական հյուպատոսության բացումը եւ Հայաստանի մտադրությունը՝ 2023 թ. հյուպատոսություն բացելու Թավրիզում, տեղավորվում են այդ առանցքի տրամաբանության մեջ: Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Հայաստանի պլաններն էլ չեն հակասում Ռուսաստանի հետաքրքրություններին:

Մոսկվա-Երեւան-Թեհրան նոր առանցքին կարող է միանալ նաեւ Հնդկաստանը, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակից Պակիստանը նրա թշնամին է…

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930