Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում տևական ժամանակ՝ յոթ տարի, տարբեր ծրագրեր են իրականացրել: Գործընկեր կազմակերպություններին հաջողվել է կայուն զարգացման արդյունավետ մոդել կիրառել «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված այս բնակավայրում: Գնիշիկում նոր ջրընդունիչը գործարկելու նպատակով կազմակերպված շրջայցն սկսվել է արդյունավետ գործընկերությունը խորհրդանշող ծառատունկով:
Միջոցառմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ու համայնքի բնակիչները։



Վերջերս մեկնարկած շինարարությունն ավարտվել է ցանկալի արդյունքով. ժամանակակից աղբյուրակապ-ջուրընդունիչ համակարգն, ի տարբերություն նախկինում եղածի, հավաքում է աղբյուրի ամբողջ ջրաքանակը, ձնհալի և անձրևների ժամանակ ապահովագրված է կեղտոտվելու հավանականությունից: Խմելու ֆիլտրված ջուրն անցնում է նոր կառուցված ջրագծով և հասնում է մայր ջրատար: Գնիշիկ և Մոզրով բնակավայրերին մատակարարվող ջրի քանակը վայրկյանում ավելացել է 2-3 լիտրով: Այժմ Գնիշիկում կա շուրջօրյա ջրամատակարարում, իսկ Մոզրովում, ամռան ամիսներին հնարավոր կլինի եղած մատակարարումն ավելացնել երեք ժամով։ Երկու գյուղում իրականացված ջրամատակարարման արդիականացումը թույլ կտա խնայել նախկինում վատնվող ջրի ծավալը:
«Ջրամատակարարման համար ստեղծված ներքին ցանցերը բնական ռեսուրսներից խնայողաբար օգտվելու հնարավորություն են տալիս: Մեր գործընկերների հետ ձգտում ենք ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ հրաժարվել ուղղակի սպառող լինելուց: Այն, ինչ այստեղ իրականացվել է տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի միջոցով, երկարաժամկետ արդյունք է ապահովելու: Եթե փորձենք գնահատել արվածը, ապա կարող ենք արձանագրել, որ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած լուծումները կարևոր բաղադրիչ են ապահովել. հնարավորության դեպքում ենթակառուցվածք ստեղծել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: LED լուսարձակներով աշխատող էներգախնայող համակարգի, մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար ներդրված «էլեկտրական հովիվների» օրինակը ասվածի վկայությունը կարող է լինել: Հեռավոր մարզերի կենսակերպը ժամանակակից աշխարհի տեմպերին փոքր-ինչ մոտեցնելու համար հետևողական աշխատանք և ջանքեր են հարկավոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Գնիշիկում՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տարիների գործընկերության արդյունքները զգալի են նաև ոռոգման ջրի և ժամանակակից, էներգախնայող LED լուսատուներով գործող արտաքին լուսավորության համակարգերի ներդրման հարցում: Գյուղում յուրաքանչյուր տնամերձի համար տեղադրվել է առանձին ծորակ՝ հեշտ և առանց ջրի հոսակորուստի ոռոգում իրականացնելու համար:
2015թ.-ից մինչև օրս, Գնիշիկում և Մոզրովում լուսավորվել է մոտավորապես 2300 մետր ճանապարհ, տեղադրվել ավելի քան 68 LED լուսարձակ: Խնայված ռեսուրսներն ու տնտեսված միջոցներն ուղղվել են համայնքային բյուջե՝ այլ խնդիրների կարգավորման նպատակով:
«Հիմնադրամի ու Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը Գնիշիկ համայնքում կարևորվում է նաև նրանով, որ իրականացվող յուրաքանչյուր նախագծի հիմքում դրված են երկարատևությունն ու կայուն զարգացման մոտեցումները։ Դրանք ենթադրում են բնական ռեսուրսների կայուն ու խնայողաբար օգտագործումը։ Իհարկե, այս ընթացքի անբաժան մասն է նոր տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ առանց դրա անհնարին է կայունության հասնել. լինի դա, թե՛ խմելու և ոռոգման ջրի, թե՛ էլեկտրական հոսանքի օգտագործման օպտիմալացումն ու սպառվող քանակի նվազեցումը` տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Տարեց տարի, կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով, մենք ականատես ենք լինում բնական ջրի աղբյուրների սակավությանն ու չորացմանը։ Այդ առումով, շատ կարևոր է բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ճիշտ կերպով դրանց կենտրոնացումն ու օգտագործումը», – ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Գործընկեր կազմակերպություններն իրականացրել են նաև գյուղատնտեսական ու բնապահպանական ծրագրեր: Գյուղին տրամադրվել է նոր սերնդի այգեգործական ու գյուղատնտեսական տեխնիկա․ խոտհնձիչ, խոտի հակավորման մեխանիզմ, նոր թրթուրավոր տրակտոր՝ իր կցամասերով, որը ձմռան ամիսներին կատարում է նաև ձնհավաք ֆունկցիա։ Իսկ այգիները վայրի կենդանիների հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար՝ նվիրաբերել են շարժական էլեկտրական հովիվ համակարգեր։
Համայնքներում կայուն զարգացմանը նպաստելու՝ գործընկերների ձգտումը ցանկալի արդյունք է տալիս: Գյուղում ընդլայնվում են տնամերձ տարածքները, ավելանում է բնակիչների և «Գնիշիկ այցելուների կենտրոն» ժամանող հյուրերի թիվը:






















































