Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը նոր դատախազ ունի

Նոյեմբեր 19,2022 21:03

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ է նշանակվել  Արարատի մարզի դատախազ, արդարադատությանն երրորդ դասի պետական խորհրդական, 53-ամյա Արմեն Չիչոյանը։

Նա պարտականությունները կստանձնի 3 օրից։

«Արարատի մարզի դատախազ, արդարադատությանն երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրի Չիչոյանին փոխադրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնին ս․թ․-ի նոյեմբերի 22-ից»,-գրված է գլխավոր դատախազի հրամանում։

Արմեն Չիչոյանը  հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատում։

Նա իր գործունեությունը սկսել է որպես դատախազության քննիչ, 10 տարի է՝ ստորաբաժանումների ղեկավար է։

2011-2013 թվականներին եղել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ՝ շուրջ 16 տարի, աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում։

2013 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2017 թվականից՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, 2018 թվականից՝ Արարատի մարզի դատախազ։

Վերջինս բնութագրվում է որպես պարտաճանաչ ու բավական սկզբունքային անձնավորություն։

Դատախազի որդին՝ Ժորա Չիչոյանը, վերջերս է նշանակվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նրան իրավապահ համակարգի ներկայացուցիչները բնութագրում են որպես կարգին երիտասարդի։

Դատախազի եղբայրն էլ  ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն է, որը Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնազրկումից հետո նշանակվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի պաշտոնավարումից հետո Շիրակի դատախազի պաշտոնից երեկ սեփական դիմումի համաձայն պաշտոնազրկվեց արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կողմից մամուլում հնչեցրած աղմկահարույց հայտարարության հիման վրա։

Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։ Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930