Քաշաթաղից տեղահանված բնակիչներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ Նրանք դժգոհում են, որ իրենց բնակավայրից դուրս են հանել, ոչինչ չեն կարողացել տեղափոխել Հայաստան, այսօր էլ վարձով են բնակվում, ու իրենց բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում կառավարության տրամադրած բնակարանի գնման վկայականներով։
Քաշաթաղցիներն ասում են, որ վկայականները ստացել են, սակայն բանկային համակարգի պայմանների պատճառով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։

Մովսեսյանն ասաց, որ կառավարությունը պետք է լուծում գտնի, որպեսզի քաշաթաղցիների համար բանկային համակարգում այդ գործարքները դյուրացվեն, խնդիրները վերացվեն։ Նա ասաց, որ սերտիֆիկատի գումարները 8-ից 14 միլիոն դրամ են, այս գումարով նորմալ բնակարան չեն կարողանում գտնել, սահմանամերձ համայնքներում տուն ձեռք բերելիս գումարը 14 միլիոն է, սակայն բանկը սահմանամերձ բնակավայրում այդքան չի գնահատում տունը։
Կարդացեք նաև
«Մարդիկ մտնում են բանկ, այնտեղ կանխավճար են պահանջում, ռիսկեր են գնահատում, հետո ինչ-որ վճարումներ ուզում, վարկային մաքուր պատմություն պահանջում։ Վերջում մարդիկ հիասթափված դուրս են գալիս։ Այս ամենը խանգարում է, որ մարդիկ կարողանան օգտվել սերտիֆիկատից, իսկ դրա ժամկետը մեկ տարի է։ Երեք ամիսն արդեն անցել է։ Սրան էլ գումարած, որ բարձր գնաճ է, բնակարանների գներն էլ օր օրի բարձրանում են»,-ասաց Կարինե Մովսեսյանը։

Քաշաթաղցիները սրտնեղած պատմում են, որ իրենց ամբողջ ունեցվածքը՝ կահույք, տեխնիկա, հագուստ, ամեն ինչ թողել են Քաշաթաղում․ «Խաբելով մեզ դուրս են հանել, դարձել ենք թափառական»։
Նրանք ասում են, որ վարձով բնակարաններից էլ իրենց հանում են, ուր են գնալու, ի՞նչ են անելու՝ չգիտեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































