Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված եւ Հայաստանում հաստատված քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրն այդպես էլ չի լուծում։ Նախօրեին այդ քաղաքացիները հանդիպել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, որը ներկայացրել է նոր առաջարկներ բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության տնօրեն Կարինե Մովսիսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ առանձնապես գայթակղիչ չէր առաջարկը։
Խոշոր հաշվով, բնակիչներին այդ ծրագիրը չի գոհացնում, ասում են՝ պայմաններն ընդունելի չեն, չնայած, շատերին առաջին հայացքից կարող է թվալ լավ պայմաններով ծրագիր։
«Անունը դրել են աջակցության ծրագիր, բայց այդ աջակցոսւթյունը մեզ համար դառնում է բավականին մեծ խնդիր, դա աջակցություն չէ։ Հիփոթեքի գումարն, ըստ ծրագրի, վճարում է պետությունը, մենք պետք է կանխավճարը վճարենք։ Երեւանում՝ 10% կանխավճար՝ 10 միլիոն դրամանոց տան համար, իսկ մարզում՝ 5% կանխավճար։ Նախօրեին փոխնախարարի առաջարկած նորությունն այն էր, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հիփոթեքով տուն գնելու դեպքում կտրամադրվի մինչեւ 14 միլիոն դրամ, 1 % կանխավճար, իսկ նույն սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու դեպքում կտրամադրվի մինչեւ 16 միլիոն դրամ, 1 % կանխավճար: Թվում է՝ լավ պայմաններ են, բայց մարդիկ չեն կարողանում այդ «լավ» պայմաններից օգտվեն»,-ասում է Կարինե Մովսիսյանը։
Կարդացեք նաև
Բնակիչները հաշվարկել են՝ կանխավճարի եւ այլ ծախսերի համար մոտ 700 հարյուր հազար դրամ է հարկավոր, 500 հազարը՝ կանխավճարը, 200 հազարն էր՝ փաստաթղթերի եւ վարկի ձեւակերպման համար, որի մեջ նաեւ նոտարի եւ այլ ծախսներն են ներառված։
Բացի այս, տեղահանվածները կարող են այս աջակցության ծրագրից օգտվել, եթե այլ վարկային պարտավորություն չունեն Քաշաթաղից մնացած, ժամկետանց վարկեր չունենան։
«Այսինքն, երբ տեղահանվեցին, բոլորը կամ մարդկանց գերակշիռ մասը վարկեր ունեին, պետությունը որոշ մասը մարել է, ինչ-որ պոչեր են մնացել մարդկանց մոտ։ Պետությունը մարում էր այն գումարները, որոնք առաջացել էին պատերազմից հետո։ Իսկ մարդկանց մեծ մասը ժամկետանց վարկեր ունի, այսինքն, պատերազմից առաջ ժամկետանց վարկ են ունեցել։ Բայց մարդիկ աշխատում էին, ու կարող էին աստիճաբանար մարել դա։ Պատերազմի պատճառով տեղահանվեցին, եկան Երեւան, շատ-շատերն աշխատանք չուներ, ու գումար այլ հոգսեր ու ծախսեր, բնակարանի վարձ, բնականաբար չեն կարողացել մարել այդ վարկերը։ Ես Երեւանում եմ բնակվում, արդեն 2 միլիոնից ավելի տան վարձ եմ տվել, պետությունն ինձ ոչնչով չի աջակցել։ Եթե աջակցած լիներ՝ ես վարկը փակած կլինեի։ Մարդկանց գազանի պես գցել են վանդակի մեջ, մարդն իրեն պատեպատ է տալիս, ոչինչ չի կարողանում անել։ Այսինքն, մարդիկ ո՞նց օգտվեն այդ աջակցության ծրագրից, եթե բանկը մերժում է, ասում է՝ վարկդ զրոյացրու, նոր կհաստատենք հիփոթեքը»,-պատմում է Կարինե Մովսիսիյանը։
Նա ասում է, որ պետության առաջարկած գնային սահմաններում նորմալ տուն չեն կարողանում. «Մի քանի տուն նկարել ենք, փոխնախարարին էլ եմ ցույց տվել, դրանք տուն չէին, գոմ էին»։
Կարինե Մովսիսյանը վստահեցնում է՝ եթե անգամ այդ գնային սահմաններում ինչ-որ բան գտնում էլ են, բանկը պարտադրում է գնահատող կազմակերպության եզրակացությունը տան կամ բանակարանի վերաբերյալ։ Իսկ գնահատող կազմակերպությունը, ըստ Կարինեի, վաճառողի առաջարկած գումարից բավականին ցածր է գնահատում. «Ասենք մարդն ասում է՝ ես 10 միլիոնով եմ վաճառում, գնահատողն ասում է՝ չէ, 8 միլիոն է այս տունը։ Բանկը այդ 8 միլիոնն է տալիս, մնացածը մենք պետք է տանք։ Մի խոսքով՝ խայտառակություն է այս ծրագիրը։ Կարծես միտումնավոր այնպես գրած լինեն, որ շատերը չկարողանան օգտվել, կամ բանկերի համար գրած լինեն»։
Տիկին Կարինեն մեկ այլ խնդիր էլ ներկայացրեց, որը քաշաթաղցիների սրտով չէ։ Ասում է՝ եթե նույնիսկ շահառուն ձեռք բերի բնակարանը, բայց ասենք որոշ ժամանակ հետո մահանա, զավակները որպես այդ տան ժառանգ չեն կարող լինել, եթե զավակը Քաշաթաղում չի բնակվել. «Բայց ասենք՝ ծնողները Քաշաթաղում են ապրել, երեխաները՝ Երեւանում կամ ուրիշ տեղ գնացել են սովորելու, ինչո՞ւ նրանց ժառանգ չեն ճանաչում։ Այսինքն, շահառուի մահվանից հետո պետությունը հիփոթեքի վարկը չի մարելու, զավակը պետք է վճարի»։
Տիկին Կարինեն նաեւ նշում է, որ այս ծրագրի շահառուների թիվը, ինչպես փոխնախարարն է նախօրեին ասել, հասել է 4 հազարի, օրեցօր թիվն ավելանում է Արցախից տեղահանված այն քաղաքացիների, որոնց վրա տարածվում է ծրագրի պայմանները։
«Մենք ցույցեր ենք անում, վարչապետի հանդիպում ենք պահանջում, որ բացատրենք՝ այս պայմանները հարմար չեն, բարելավեք։ Բայց կառավարությունից մեզ չեն արձագանքում։ Ախր մենք այնտեղ երեսուն տարի տուն-տեղ ենք դրել, ապրել, զարգացրել տնտեսությունը, ու մի օրում ամբողջը թողել, փախչել։ Հիմա ամեն ինչ զրոյից սկսելը շատ ծանր է, դժվար։ Պետությունը պետք է հնարավորինս մատչելի պայմաններ առաջարկի»,-ասում է Կարինե Մովսիսյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.09.2022


















































