Վանաձորում արդեն իսկ սկսվել է նախատոնական առեւտուրը: Շուկայում աշխատող մսավաճառներից Մանվելն ասում է, որ քանի որ այս պահին մսի գինը փոքր-ինչ էժան է, քաղաքացիներն արդեն իսկ սկսել են գնումներ կատարել:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչ Կամո Սողոյանն ասում է, որ իրենք վերահսկողություն չունեն փողոցային առեւտրի նկատմամբ. «Ֆիզիկական անձանց կամ այսպես ասած փողոցային առեւտրի նկատմամբ մենք իրավասություն չունենք գործողություն անելու, ստուգելու կամ վերահսկողություն իրականացնելու: Փողոցային առեւտրի ստուգման իրավասությունը տրված է ՏԻՄ-ին եւ ոստիկանությանը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարողների մոտ, որոնք գրանցված են որպես տնտեսվարողներ»:
Ամանորին ընդառաջ սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնն ուժեղացված վերահսկողություն է սկսել իրականացնել՝ սննդամթերքի արտադրման, տեղափոխման, պահպանման ու իրացման գործառույթներում:
Կարդացեք նաև
Վերահսկողությունն իրականացվում է տարվա ընթացքում կազմած պլանի համաձայն. «Մենք ունենք ստուգումների ժամանակացույց, որտեղ նախատեսված են տնտեսվարողներ, որոնց մոտ պետք է այդ տարվա ընթացքում վերահսկողություն իրականացնել: Ստուգումները կատարվում են ստուգումների մասին օրենքով նախատեսված ձեւաչափով: Իսկ խախտումներ լինելու դեպքում կատարվում է իր համապատասխան ընթացքով»,- ասաց ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ Կարո Սողոյանը:

Սողոյանն ասում է, որ տեսչությունը տարեվերջին ընդառաջ աշխատում է արտակարգ ռեժիմով, միաժամանակ բնակչությանը կոչ է անում՝ լինել ավելի զգոն եւ ուշադիր. «Հորդորս եւ խնդրանքս մեր ազգաբնակչությանը, որպեսզի այդ օրերին պատահական տեղերից չգնեն սնունդ: Ամեն դեպքում այն սնունդը, որը որ վաճառվում է փողոցում, ինքն ամեն տեսակի հսկողությունից դուրս է: Եվ կարող է ամեն բան պատահել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ


















































