Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկում էր ծավալվել՝ առողջապահության նախարարության հետ:
Այսօր եւս պատգամավորներն ու կառավարությունը կոմպրոմիսի չեկան:
Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար պարտադիր պայման է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների եւ հմտությունների ձեռքբերման համար: Սակայն այդ սեմինարներին մասնակցելու համար բժիշկը պետք է բացակայի աշխատանքից, ինչին դեմ են գործատուները: Մյուս կողմից էլ, այդ կրեդիտները չհավաքելու դեպքում, ավտոմատ դուրս կմնան առողջապահական համակարգից: Ուստի նախագծում լրացում են անում՝ պարտադրելով գործատուին կրեդիտավորման համար բացակայող մասնագետների աշխատանքն ու աշխատավարձը պահպանել:
Խոսքը միայն պարտադիր կրեդիտավորման մասին է: Բժիշկների համար նվազագույն կրեդիտների քանակը 220 է, բուժքույրերի համար՝ 140: Եթե բուժաշխատողները պարտադիր կրեդիտավորումից ավելի կրեդիտներ են ուզում հավաքել, արդեն պետք է համաձայնության գան գործատուի հետ: Ներկայումս բուժհիմնարկի տնօրենի քմահաճույքից ու բարեհաճությունից է կախված՝ կթողնի՞ իր աշխատողները կրեդիտավորման համար բացակայեն, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Հեղինակներն առաջարկում են այդ 220 կրեդիտը հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որ միանգամից երկարաժամկետ չբացակայեն: Նախագծում ամրագրել են, որ տարեկան 10 օր կարող են բացակայել: Բուժհիմնարկը պետք է հսկի իր աշխատողների կրեդիտավորման գործընթացը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ բուժաշխատողները կարող են նաեւ կրեդիտները ստանալ առցանց դասընթացով՝ առանց բացակայելու, կամ գիտական հոդված գրելով: Ուստի առաջարկում են տարեկան ոչ թե 10 օր բացակայել, այլ՝ 5:
Հաշվարկներ կան, որ գործատուների վրա 6 մլրդ դրամի բեռ է լինելու, որովհետեւ երբ բժիշկը բացակայի, ստիպված նոր աշխատուժ են բերելու եւ վարձատրելու են հավելյալ: Նանուշյանի խոսքով՝ գործատուների հետ երբ հանդիպել են, իրենք դեմ են եղել ու միայն նրանց հետ բանակցություններից հետո են համաձայնել տարվա ընթացքում 5 օր բացակայել:



Ավանեսյանին հակադարձեց Լուսինե Բադալյանը ու ընդհատեց. «Ներողություն եմ խնդրում, արդեն 6 ամիս է այս նախագիծը քննարկում ենք ու մենք նորից մտնում ենք փակուղի: Զրոյից պիտի սկսենք քննարկել: Արդեն բոլորը անգիր արեցին: Բայց եթե այս տարբերակով է քննարկվելու, ես քիչ հետո անուններով կսկսեմ արդեն խոսել, թե այդ որ հիվանդանոցի տնօրեներն են, որ այսպես են ասում ու որ տնօրեներն են, որ այնպես են ասում: 90%-ն ասել է, որ դա ֆինանսական բեռ չի, ուրախացել են նախագծից: Շատ երկար դաշտային աշխատանք եմ կատարել մեկը ես՝ գնալով ընկնելով բոլոր բազմապրոֆիլ բուժհիմնարկները, պոլիկլինիկաները ու տնօրենների հետ խոսելով: Կսկսեմ անուններով նշել, թե ինչպես է քննարկումը գնում ու մտնում այսպես փակուղի»:
Նախարարն արձագանքեց. «Անունների հետ կապված՝ խնդրեմ, հնչեցրեք»:
Զեյնալյանն էլ ճշտեց Ավանեսյանից, թե այդ ո՞ր բուժհիմնարկների տնօրենների հետ են խոսել, որ դժգոհել են ու ասել են՝ սա բեռ է: Ավանեսյանը պատասխանեց, որ քննարկումը իրականացրել են կառավարությունում, որին ներկա է եղել նաեւ Զեյնալյանը:
Պատգամավորները նախագիծը իրենց մշակած տարբերակով դրեցին քվեարկության եւ դրական եզրակացություն տվեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































