Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդեցիկ լինելու համար պետք չէ մտածող լինել

Դեկտեմբեր 08,2022 10:00

Ովքե՞ր են Հայաստանում մարդկանց ուղեղների, ձգտումների, զգացմունքների վրա ազդող ամենահեղինակավոր մարդիկ: Առաջ այդ հարցի պատասխանը պարզ էր: Քայլում էր Ավետիք Իսահակյանն իր ձեռնափայտով Աբովյան փողոցով, ու բոլորը համաձայն էին՝ «ահա՛ վարպետը»: Ելույթ էր ունենում Սիլվա Կապուտիկյանը գրողների ժողովում, եւ բոլորը միաբերան ասում էին՝ «ահա՛ ազգային իղձերի արտահայտիչը»: Հետո, մոտավորապես գորբաչովյան վերակառուցումից սկսած, ամեն ինչ խառնվեց:

1980-ականների վերջում ազդեցիկ էին, անշուշտ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ այնքան ժամանակ, մինչեւ դարձան իշխանություն: Ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը չէին պատրաստվում հետագայում զբաղվել քաղաքականությամբ: Դրա մասին է, մասնավորապես, մոսկովյան բանտում գրված իր «նամակներում» հիշատակում Համբարձում Գալստյանը: Բայց, եթե անգամ ենթադրենք, որ Երրորդ հանրապետությունը ղեկավարեին այլ մարդիկ, իսկ «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի անդամները վերադառնային իրենց գիտական եւ կրթական հիմնարկները, վստահ չեմ, որ նրանք շատ մեծ հեղինակություն կունենային:

Համացանցային դարում հեղինակությունը կամ ազդեցությունը չափելը, կարծես թե, ավելի հեշտ է դարձել: Հրապարակեք մտավորականների կամ, արեւմտյան լեզվով ասած՝ «հրապարակային ինտելեկտուալների» ցուցակը եւ խնդրեք ընթերցողներին քվեարկել՝ ով ավելի շատ ձայներ ստացավ, նա էլ կլինի ամենաիմաստունը: Մոտավորապես այս մեթոդաբանությամբ է 2005 թվականից առաջնորդվում ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը, որի վարկանիշային ցուցակը կոչվում է «100 Global Thinkers»:

Բայց այս տարիների ընթացքում տվյալ վարկանիշային ցուցակի հետ կապված բազմաթիվ, մեղմ ասած, թյուրիմացություններ էին պատահել: Օրինակ, 2008-ին թուրքական «Զաման» թերթը դիմել էր իր ընթերցողներին, թե՝ ժողովուրդ, գիտե՞ք, այսպիսի ցուցակ կա՝ ակտիվորեն մասնակցեք: Թուրք ընթերցողներն անսացին այն կոչին, եւ այդ տարի «ամենաիմաստունների» առաջին 10 տեղը զբաղեցրեցին բացառապես իսլամական քարոզիչները:

Այդ միջադեպից հետո նման վարկանիշներ կազմողները որոշեցին «գլոբալ մտածողներին» բաժանել ըստ ենթաբաժինների՝ նորարարներ, իրավապաշտպաններ, բնապահպաններ, արվեստագետներ, որոշում ընդունողներ եւ այլն: Բայց դա մեծ չափով իմաստազրկում էր «մրցույթի» վերնագիրը («Global Thinkers»), որովհետեւ ազդեցիկ լինելու համար ամենեւին պետք չէ մտածող լինել: Տարբեր տարիների ցուցակը գլխավորել էին Մեքսիկայի այն ժամանակվա նախագահ Նյետոն, որը դժվար թե փայլում էր բարձր ինտելեկտով, ինչպես նաեւ ամերիկացի նախկին գաղտնի գործակալ Էդվարդ Սնոուդենը, որին նույնպես, ենթադրում եմ, ընտրել էին ոչ նրա համար, որ նա ինչ-որ խնդիրների մասին լրջորեն մտածել էր:

Ինտելեկտն ու ազդեցությունն, այդպիսով, չափազանց տարբեր, երբեմն՝ հակադիր երեւույթներ են: Պատմաբան Ալբերտ Ստեփանյանը կամ թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, անկասկած, ժամանակակից Հայաստանի ամենափայլուն ինտելեկտուալների շարքում են: Բայց արդյո՞ք նրանք որեւէ ազդեցություն ունեն հասարակության վրա:

Թե՛ Հայաստանում եւ թե՛ աշխարհում ազդեցիկը ոչ թե մտածողներն են, այլ խարազանողները, բացահայտողները, մերկացնողները եւ դիմակ պատռողները: Այդ առումով Հայաստանի ամենաազդեցիկ դեմքն է ներկայիս վարչապետը, որը իշխանությունը ստանալուց հետո էլ, պետությունը ղեկավարելու փոխարեն, շարունակում է խարազանել ու մերկացնել, որովհետեւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Իսկ ազդեցիկների ցուցակում երկրորդ տեղում է… ինքներդ գիտեք, թե ով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, անկասկած, ժամանակակից Հայաստանի ամենափայլուն ինտելեկտուալների շարքում…»
    Խեղճ Հայաստան:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ձեր գրածից կարելի է հասկանալ, որ Դուք կարդացել եք այդ գիտնականների աշխատությունները եւ դրանք թույլ եք համարել

      • Սարգիս Զեյթունյան says:

        Ձեր կարծիքով մարդու ինտելեկտը կարդացած գրքերով ու գրած աշխատություններո՞վ է որոշվում:

      • Սարգիս Զեյթունյան says:

        Եթե ազգի ամենափայլուն ինտելեկտուալը համազգային աղետից երկու տարի առաջ ազգակործան պատուհասի հասցեին ասում է.
        «Նիկոլ. Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։
        Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։
        Քեզ հակադրվողները պետք է գիտացեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում», ու, առավելևս, ոչ մի ապաշխարանքի խոսք չի ասում դրանից հետո, ուրեմն իսկապես մեղք ենք:

        • Anonymous says:

          …Ավելին, պատերազմից մեկ ամիս առաջ լրագրողի հարցին, թե որևէ բան փոխվե՞լ է իր կարծիքի մեջ (https://www.1in.am/2825892.html?fbclid=IwAR26zY95EelR8X00t3Fq_PwqAulVtbgXE_W0z6y_2k63MGLAcGY-L0xn5HE , տե՛ս 8:00-ից սկսած ), պարոն Հովհաննիսյանը պատասխանում է. «Չի փոխվել: Եվ գիտե՞ք ինչու. վերջապես իշխանության առաջին դեմքը բարոյական մարդ է, բարի մարդ է, ով իր անձի մասին չի մտածում…»: Հարցին թե ի՞նչ է փոխվել այս երկու տարվա մեջ, թատերագետը զանազան տնտեսագիտական լավատեսական եզրահանգումներից հետո երկնում է (21:50). « Եվ ամենակարևորը. ինչու՞ մարդիկ չեն ուզում տեսնել պաշտպանության հզորացումը: Պետք է կարողանալ դա տեսնել: Իսկ աչքերը փակել, կույր ձևանալ և մեր բանակի հզորացումն էլ չտեսնել…»:
          Ահա այսպիսի ինտելեկտ: Իսկ Դուք ասում եք այս «ինտելեկտուալը» որևէ ազդեցություն չունի հասարակության վրա: Նա, որպես իշխանության գործիք, հասարակության բարոյալքման ու ապուշացման հարցում ունեցել է ամենաանմիջական ազդեցություն:

  2. Hay says:

    Մեռնի էն ազգը, որի ամենաազդեցիկը նիկոլանմանն է (ու կմեռնի, եթե բան չփոխվի)

  3. Ruben says:

    Գառների, էգ ոչխարների (մաքի?) և խոյերի հոտի համար հեղինակությունը այծն է, որը կառավարվում և առաջնորդվում է հովվի (չոբանի) կողմից: Հովիվը (չոբանը), որպես վարձու աշխատող (գործակալ), ղեկավարվում է գործատուի կողմից և այլն:
    Գյուղացիների և գյուղացուհիների, բանվորների և բանվորուհիների համար հեղինակություն են ԼՏՊ, Ռոբիկը, Սերոժը ու վերջապես Նիկոլը, որոնք կառավարվում և առաջնորդվում են «հովիվյանի» («չոբանյանի», «herdsman», «çoban köpeği», «berger», «רועה» … ) կողմից: Սրանք որպես վարձու աշխատող, ղեկավարվում են իրենց գործատուի կողմից և այլն:
    Վաղը Նիկոլը ԼՏՊ-ի կտակարանի և Սերոժի կտակի հիման վրա Գիտությունների ակադեմիան կտեղափոխի քարվանսարա (Իջեւան), իսկ ԳԱ շենքը կվաճառի Ռոբիկին («ատկատով» կամ «դոլիայով»): Գեղցու ինչի՞ն է պետք գիտությունը:
    Հերթի են ոստիկանների (սեմական), ազգային անվտանգության (ռուսական) և կառավարության «թուրքական» շենքերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031