Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական այդ էֆեկտը զուտ կարճաժամկետ է. Գորիսում կայացել է «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը

Դեկտեմբեր 12,2022 12:45

Ս․ թ․ նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվել է «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը։ Ֆորումի հայաստանյան համակազմակերպիչներից է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն։ Որպես միջազգային գործընկերներ մասնակցել են «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (ՌԴ), Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, Ժամանակակից միջազգային գործընթացների հետազոտության վերլուծական հարթակը, ինչպես նաև .RU/.РФ դոմեյնների կոորդինացիոն կենտրոնը։

«Որոտան» ֆորումը նվիրված է եղել արդի եվրասիական, մեծմերձավորարևելյան և հնդկաչինական տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներին, միջազգային հաղորդակցային ուղիներին, տեղեկատվական անվտանգությանը, ինքնիշխան համացանցին, ինչպես նաև եվրասիական տարածքի տնտեսաքաղաքական հեռանկարներին առնչվող հարցերին։ Ֆորումն ունեցել է երեք հիմնական բաժին՝ «Հաղորդակցություններ և միջանցքներ», «Տեղեկատվական անվտանգությունը մեր օրերում», «Արևմտյան պատժամիջոցներ․ հնարավորություններ և բացասական հետևանքներ եվրասիական տնտեսության համար», որոնց մասնակցել են 21 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից։ Փորձագետներից զատ՝ ֆորումին ներկա են եղել շուրջ 30 լրագրողներ, ուսանողներ և ակտիվ հասարակայնության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այդ թվում՝ Արցախից, այնպես էլ՝ Ռուսաստանից։

Ֆորումի անցկացման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ ներկայում Սյունիքը ոչ միայն Հայաստանի ազգային-քաղաքական կյանքի կիզակետն է, այլև եվրասիական տարածքի ամենահարավային կետը։ Ֆորումի անունն ընտրվել է ի պատիվ Որոտան գետի, որ սկիզբ է առնում Արցախի ժամանակավորապես օկուպացված Շահումյանի (Քարվաճառ) շրջանից, հոսում Սյունիքի տարածքով և թափվում դարձյալ ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջան։ Ֆորումի հայաստանյան կազմակերպիչ «Հայկական նախագծի» համահիմնադիրները նշում են, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո սա Սյունիքում կազմակերպված ամենամեծ միջազգային միջոցառումն է։

Հայ և միջազգային փորձագետներն ընդգծել են տնտեսական և քաղաքական առաջընթացի և իրական խաղաղության տեսանկյունից եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման, ինչպես նաև հյուսիս-հարավ հաղորդակցային ցանցի և դրանում Հայաստանի ներգրավվածության կարևորությունը։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ընդգծել է, որ թեպետ անուղղակիորեն Հայաստանը տնտեսապես շահում է ռուս-ուկրաինական ճգնաժամից, սակայն տնտեսական այդ էֆեկտը զուտ կարճաժամկետ է, քանզի ՀՀ դե-ֆակտո կառավարության կողմից չեն իրականացվում դրանք երկարաժամկետ զարգացման վերածելու քայլեր։

Իրանից ժամանած փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Շուայիբ Բահմանը և Ֆարշադ Ադելը մատնանշել են «Զանգեզուրի միջանցք» կոչվող ՆԱՏՕ-ի թուրանական նախագծի վնասաբերությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի համար։ «Հետաքրքրական է, որ այս միջանցքի կոնցեպտն առաջարկվել է ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցչի կողմից։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության արդյունքում մեծ գին կվճարեն Իրանն ու Ռուսաստանը»,- նշել է Շ․ Բահմանը։

Ֆորումին հեռավար մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ․ գ․ թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը և անկախ փորձագետ Այան Մանչանդան (Հնդկաստան)։ Ֆորումն ուղեկցվել է հայաստանաճանաչողական ծրագրերով, այդ թվում՝ այցելություն Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարան, իսկ Վայոց Ձորի մարզում՝ Նորավանքի վանական համալիր։

Ֆորումի հայաստանցի և միջազգային մասնակիցները պայմանավորվել են շարունակական դարձնել այս ձևաչափը՝ որպես յուրատեսակ «Գորիսյան հարթակ»՝ դրա շրջանակներում պարբերաբար քննարկելով տարածաշրջանային կարևոր խնդիրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031