Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսն էր:
Նա խոսեց ղարաբաղյան հակամարտության, ցավոտ լուծումների մասին ու պատասխանեց որոշ հարցերի:

Նորեն Քոչարյանը, Սերժը, Վազգենը Սարգսյանը 98-ին կմտածեին, որ մենք չենք կարողանում պարտադրել մեր լուծումը Ադրբեջանին, բայց իրենք հավատում էին, որ կարող ենք մրցել Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանի նավթի դիմաց մենք ունեինք մեր սփյուռքը: Սփյուռքի աստվածացումը մեզ շատ ծանր վիճակի մեջ դրեց: Ռոբերտը, Վազգենը հավատում էին, որ պատճառն այն է, որ Լեւոնը Դաշնակցությանը դեմ է եւ ցեղասպանության ճանաչման դեմ է, դրա համար սփյուռքին չի հենվում, որովհետեւ սփյուռքի տեր-տիրականը ՀՅԴ-ն է: Եվ ուրեմն, եթե Լեւոնը գնա, ինքը կսկսի խոսել ցեղասպանությունից, ՀՅԴ-ի հետ յոլա գնա առնվազն, այնուհետեւ սփյուռքից 400-600 մլն դոլար ներդրում պիտի գա, կլինենք համապատասխան Ադրբեջանին: Վազգենը խնդրել էր, որ ես իրեն պատասխան տամ՝ հաջորդ 10-15 տարիներին Ադրբեջանը ինչքա՞ն փող պիտի ունենա: Ես այդ աշխատանքը տարել էի ու իրեն ասել էի, ինքն էլ հավատացած էր Քոչարյանի հետ, դե, Քոչարյանը ոչ մի բանի չէր հավատում, իսկ Վազգենը հավատում էր, Վազգենը քաղաքականորեն միամիտ մարդ էր դժբախտաբար: Եվ ուրեմն հավատում էր, որ 400-600 մլն դոլար հանգիստ տարեկան պիտի գա Հայաստան՝ միայն ցեղասպանության, ՀՅԴ-ի հարցը լուծեն:
Կարդացեք նաև
Եվ 99-ին, երբ ինքը արդեն վարչապետ եղավ ու գնացել էր Ամերիկա, նոր էր վերադարձել՝ սպանությունից 3 շաբաթ առաջ իրեն հարցրեցի՝ հիմա, որ Ամերիկան գնացիր, եկար, սփյուռքից ի՞նչ ես ակնկալում, ասաց՝ ոչինչ: Թերեւս, քաղաքական լոբբինգի մեջ էր: Որովհետեւ այդ մարդը հավատում էր, որ ինքը Վաշինգտոն գնաց, իրեն կհարգեն, կպատվեն եւ ինքը մի քանի հարյուր մլն դոլար չեկով կվերադառնա: Այսպես չեկը կգրեն ու կտան: Ոչ մի չեկով չվերադարձավ: Չկա՛: Կախարդական բան չկա: Հստակ է: Դժվարություն ունենք ընդունելու, որ մենք կորցրեցինք եւ տկար ենք եւ մենք երկրորդ շանս չենք ունենա, որովհետեւ Ադրբեջանի նախագահը հայտարարել ՝ ես թույլ պիտի չտամ, որ Հայաստանը ուժեղանա: Նա կարողություն ունի դա անելու ու անում է: Պիտի հասկանանք՝ այդ մարդն ինչ է անում եւ ինչու՝ նախքան որոշելը, թե ինքը վատ մարդ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































