Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենը հավատում էր, որ ինքը Վաշինգտոն գնաց, կհարգեն, կպատվեն եւ ինքը մի քանի հարյուր մլն դոլար չեկով կվերադառնա. ոչ մի չեկով չվերադարձավ». Լիպարիտյան

Դեկտեմբեր 16,2022 00:07

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսն էր:

Նա խոսեց ղարաբաղյան հակամարտության, ցավոտ լուծումների մասին ու պատասխանեց որոշ հարցերի:

Լիպարիտյանը հեգնեց, որ ծրագիր կա Հայաստանում ստրատեգիական կենտրոններ ստեղծել. «Հիմա կուզեք ստրատեգիական կենտրոններ ստեղծեք, պատասխանն այն է, որ մենք կկարծենք՝ լուծումներ կան այնտեղ, որ չեք տեսած, որ 7 հատ phd դոկտորական ունեցող, միջազգային մասնագետի փորձ ունեցող բերես քով քովի դնես, մի բան պիտի գտնե՞ն, որ մինչեւ հիմա չեն գտած: Էլ ի՞նչ բան կա, որ պիտի գտնեն: Եթե դու պատրաստ չես իրականությունը տեսնելու, հասկանալու, ուժերը չափելու ու պատասխանատվություն վերցնելու, այդ ատեն ոչ մի կենտրոն քեզ չունի ոչ մի բան տալու: Կախարդական լուծումներ չկան: Մեր պատրաստ չլինելը բերեց նրան, որ կորցրեցինք պատերազմում: Մենք խաղաղության վրա փող դնելու փոխարեն պատերազմի վրա դրեցինք մեր փողը, որովհետեւ չենք ուզում ընդունել: Լուծումները կային, բայց դժբախտաբար մեր իշխանությունները չուզեցին գտնել: Մեր բոլոր իշխանություններն էլ գիտեին դա: Բոլորը: Բայց պատրաստ չէին պատասխանատվություն առնել: Խնդիրը խորհուրդը չի, խնդիրը իմաստությունն է: Մենք պատրաստ չենք մինչեւ հիմա, կարծում ենք, թե այդ կախարդական լուծումը կա: Չկա՛:

Նորեն Քոչարյանը, Սերժը, Վազգենը Սարգսյանը 98-ին կմտածեին, որ մենք չենք կարողանում պարտադրել մեր լուծումը Ադրբեջանին, բայց իրենք հավատում էին, որ կարող ենք մրցել Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանի նավթի դիմաց մենք ունեինք մեր սփյուռքը: Սփյուռքի աստվածացումը մեզ շատ ծանր վիճակի մեջ դրեց: Ռոբերտը, Վազգենը հավատում էին, որ պատճառն այն է, որ Լեւոնը Դաշնակցությանը դեմ է եւ ցեղասպանության ճանաչման դեմ է, դրա համար սփյուռքին չի հենվում, որովհետեւ սփյուռքի տեր-տիրականը ՀՅԴ-ն է: Եվ ուրեմն, եթե Լեւոնը գնա, ինքը կսկսի խոսել ցեղասպանությունից, ՀՅԴ-ի հետ յոլա գնա առնվազն, այնուհետեւ սփյուռքից 400-600 մլն դոլար ներդրում պիտի գա, կլինենք համապատասխան Ադրբեջանին: Վազգենը խնդրել էր, որ ես իրեն պատասխան տամ՝ հաջորդ 10-15 տարիներին Ադրբեջանը ինչքա՞ն փող պիտի ունենա: Ես այդ աշխատանքը տարել էի ու իրեն ասել էի, ինքն էլ հավատացած էր Քոչարյանի հետ, դե, Քոչարյանը ոչ մի բանի չէր հավատում, իսկ Վազգենը հավատում էր, Վազգենը քաղաքականորեն միամիտ մարդ էր դժբախտաբար: Եվ ուրեմն հավատում էր, որ 400-600 մլն դոլար հանգիստ տարեկան պիտի գա Հայաստան՝ միայն ցեղասպանության, ՀՅԴ-ի հարցը լուծեն:

Եվ 99-ին, երբ ինքը արդեն վարչապետ եղավ ու գնացել էր Ամերիկա, նոր էր վերադարձել՝ սպանությունից 3 շաբաթ առաջ իրեն հարցրեցի՝ հիմա, որ Ամերիկան գնացիր, եկար, սփյուռքից ի՞նչ ես ակնկալում, ասաց՝ ոչինչ: Թերեւս, քաղաքական լոբբինգի մեջ էր: Որովհետեւ այդ մարդը հավատում էր, որ ինքը Վաշինգտոն գնաց, իրեն կհարգեն, կպատվեն եւ ինքը մի քանի հարյուր մլն դոլար չեկով կվերադառնա: Այսպես չեկը կգրեն ու կտան: Ոչ մի չեկով չվերադարձավ: Չկա՛: Կախարդական բան չկա: Հստակ է: Դժվարություն ունենք ընդունելու, որ մենք կորցրեցինք եւ տկար ենք եւ մենք երկրորդ շանս չենք ունենա, որովհետեւ Ադրբեջանի նախագահը հայտարարել ՝ ես թույլ պիտի չտամ, որ Հայաստանը ուժեղանա: Նա կարողություն ունի դա անելու ու անում է: Պիտի հասկանանք՝ այդ մարդն ինչ է անում եւ ինչու՝ նախքան որոշելը, թե ինքը վատ մարդ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031