«Ազատություն Բերձորի միջանցքին», «Արցախ, Սփյուռք, Հայաստան» վանկարկումներով եւ «Դադարեցրեք մարդկության դեմ ուղղված հանցագործությունը», «Բացեք հույսի ճանապարհը», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը» պաստառներով հայաստանցի ուսանողներն այսօր էլ քայլերթ կատարեցին Երեւանի փողոցներում, այդ պահանջներն ամփոփող նամակներ փոխանցեցին Հայաստանում Եվրամիության գրասենյակին, կարճ ցույցեր արեցին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունների առջեւ:

Բանախոսներից մեկն ասաց, որ երեկ եւ առաջին օրը այն միջազգային կառույցներից, որտեղ իրենք եղել են եւ պահանջագրեր են փոխանցել, իրենց հարցրել են, թե ինչո՞ւ են Հայաստանում այդքան քիչ մարդիկ մասնակցում այս ցույցերին:
«Սա պարզապես ամոթ է եւ ես պահանջում եմ, որ գոնե Արցախում պատանդի կարգավիճակում գտնվող 120 հազար քաղաքացիներին համարժեք թվով, եթե ոչ ավելի, մարդ միանա ցույցերին»,- հայտարարեց ուսանողուհին՝ հուսով, որ իր կոչին անսացողներ կլինեն: 
Կարդացեք նաև
Ցույցին մասնակից արցախցի երիտասարդն էլ դիմեց հենց արցախցի ուսանողներին՝ կոչ անելով, որ իրենց կուրսերում կազմակերպեն եւ ոտքի հանեն ուսանողներին, ոչ թե տաք սենյակներում նստեն ու մտածեն, թե ինչպե՞ս են առաջիկա քննությունները հանձնելու, որովհետեւ, մինչ այդ ավելի կարեւոր քննություն պետք է հանձնեն:

Ուսանողները երթով անցան մի քանի բուհերի մոտով, ապա շարժվեցին դեպի Հայաստանում ԵՄ գրասենյակ, որտեղ նաեւ պահանջագիր փոխանցեցին. «Պահանջագրի առաջին կետը կատարված է, Արցախում արդեն կա գազամատակարարում: Պահանջում ենք կատարել նաեւ պահանջագրի մյուս դրույթը եւ բացել դեպի Արցախ ճանապարհը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































