2022 թվականը մեր հաշվարկներով ռեկորդային լավ է լինելու, մինչ այժմ ամենամեծ աճը եղել է 2003 թվականին՝ 14 տոկոս, այս տարի մոտ ենք դրան և եթե ավելին եղավ, կլինի ռեկորդային: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Մանթաշյանց» գործարարների միության կազմակերպած տարվա ամփոփմանը:


Ի դեպ, Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ինքն այս կառավարության ամենաերկար աշխատած նախարարն է, արդեն երկու տարի է , ինչ աշխատում է: Նրա գնահատականով, կառավարության անդամի արդյունավետությունը երևում է երկար աշխատանքով, քանի որ այդ դեպքում իրականացրած ծրագրերը արդյունք են տալիս։ Մինչ Էկոնոմիկայի նախարարը թվարկում էր իր պաշտոնավարման ձեռքբերումները, հանդիպմանը ներկա մոտ տասնյակ գործարարներ լքեցին դահլիճը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով արտադրողականությանը՝ Քերոբյանը նշեց, որ այն այս տարի մոտավորապես 30 տոկոսով աճել է։ Նա հիշեցրեց, որ այս տարի տնտեսության արդիականացման ծրագիր են ներդրել, որի արդյունքում կառավարությունը սուբսիդավորում է ձեռք բերված սարքավորումների, հոսքագծերի լիզինգի կամ վարկի տոկոսները։ «Նոյեմբերի վերջի դրությամբ 614 ընկերություն 42 միլիարդ դրամի սարքավորումներ են ձեռք բերել․ ամեն ամիս 10 միլիարդով ավելանում են: Հա, քանի հոգի գիտի այս ծրագրի մասին, ձեռք բարձրացրեք»,–հարցրեց Քերոբյանը՝ ինքն էլ հետը, 6 հոգի ձեռք բարձրացրեցին:
Հետո, նույն ոգով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլի մի քանի ծրագրերի մասին հարցրեց Քերոբյանը՝ հավանաբար հույս ունենալով, թե տեղեկացվածների թիվը կաճի, ավաղ, սին էին էկոնոմիկայի նախարարի հույսերը, միակ ծրագիրը, որից առավել թվով գործարարներ էին տեղյակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության ծրագիրն էր:
Պարզվեց, որ այս կառավարությունն, այնուամենայնիվ, ձախողում էլ է ունենում, բայց՝ մի քիչ. «Ներդրումները մենք մի քիչ ձախողել ենք այս տարի, որովհետև 2021 թվականին մեզ մոտ ներդրումներ–ՀՆԱ հարաբերակցությունը 17,9 տոկոս էր, այս տարի դեռ 17,7 տոկոսի է, առաջին 3 եռամսյակի արդյունքներով։ Մասնավոր ներդրումների ամսով լավ ենք, բայց կապիտալ ներդրումները շատ վատ վիճակում է, երևի բյուջետային ծախսերը 30 տոկոսն ենք արել, և օտարերկրյա ուղղակի ներդրումներով էլ լավ չենք»,-խոստովանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջից


















































