Ասում է աշխարհի չեմպիոն Արթուր Առաքելյանը
Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի փոխտնօրեն Արթուր Առաքելյանն ամփոփելով անցնող սպորտային տարին, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այն բովանդակալից էր։ Չնայած նրան, որ Արթուր Առաքելյանն այս տարի միայն Հայաստանի առաջնությանն է մասնակցել եւ դարձել հաղթող, ընդհանուր առմամբ գերակտիվ մարզումների մեջ է եւ պատրաստվում է հետագա առաջնություններին։ Ասում է` երբ քրտնաջան աշխատում ես, նվաճած հաղթանակդ էլ բերկրանք ու բավականություն է պարգեւում քեզ։
Արթուրը վեց տարեկանից է սպորտով զբաղվում։ Կարատեից ու բազկամարտից հետո որոշեց ուժերը կենտրոնացնել ուժային եռամարտի վրա եւ սպորտային ճանապարհն այս մարզաձեւով շարունակել։


«Սպորտը միայն իրար միջեւ մրցելու, պայքարելու միջոց չէ, այլ նաեւ կյանքի ճանապարհ, որը մարդուն կոփում է բոլոր առումներով»,-ավելացրեց չեմպիոնը, վստահեցնելով, որ ինքն էլ պետք է ավելին ապացուցի` նվաճելով նոր բարձունքներ։
Այս օրերին էլ Արթուր Առաքելյանն անդադար մարզումների մեջ է։ Նշում է` ծրագրերը շատ են, ժամանակը` սուղ։ Բայց այս ամենին զուգահեռ նրա համար անչափելի արժեք է իր ընտանիքը։ Արթուրին ուժ են տալիս նաեւ իր երկու բալիկները։ Ամեն ինչ անում է, որ իսկական հայ մեծանան։ «Հայրենիքի հանդեպ պարտավորված եմ ամեն օր։ Պետք է հարազատ մնանք մեր գենին, մեր պայքարի ոգուն, մեր հաղթական տեսակին»,-հավելեց Արթուր Առաքելյանը։
Կարդացեք նաև
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2022


















































