Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին հայացքից կոշտ կարգավորումներ են». Սուրեն Քրմոյանը ինտերնետը, կայքերը եւ սոցցանցերը «փակելու» նախագծի մասին

Դեկտեմբեր 28,2022 15:10

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը միանշանակ չի ընդունվել: Այդ նախագծով առաջարկվում է ինտերնետ հասանելիության սահմանափակում, կայքերի, սոցիալական ցանցերի արգելափակում՝ ռազմական դրության ժամանակ:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանի հետ: «Մեր կազմակերպությունը մի հետազոտություն է նախաձեռնել, խոսքը վերաբերում է հիմնականում ինտերնետ միջնորդների պատասխանատվությանը: Դրանք լրատվական կայքերն են, օպերատորները…», – Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Թվային Հայաստանի» նախագահը:

«Մենք փորձում ենք նախ հասկանալ Հայաստանի կարգավորումները, որոնք բավականաչափ սակավաթիվ են, հետո միջազգային լավագույն փորձը՝ սկսած ԱՄՆ-ից՝ վերջացրած ԵՄ-ով: Երկուսն էլ այլ մոդելներ ունեն: Այդ հետազոտության մեջ որոշակի անդրադարձ կա նաեւ, օրինակ, ատելության խոսքի, վիրավորանքի դեպքում կայքերի պատասխանատվությանը, մոդերացիայի ներկայացվող պահանջներին: Հայաստանում շատ սակավաթիվ են կարգավորումները: Ընդհուպ կարելի է դիտարկել մինչեւ դրա արգելափակման մեխանիզմները, որոնց շատ-շատ զգույշ ենք մոտենում:

Այս փուլում բոլոր հարցազրույցները անցկացրել ենք այն մասով, որ Հայաստանը ոլորտը կանոնակարգելու որոշակի գործողություններ պետք է անի: Կանոնակարգումը երկու տարբերակով ենք դիտարկում՝ եւ օրենսդրական, որը վերաբերվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով կարգավորմանը ոլորտի՝ կայքերի պատասխանատվությունը (երբ կարելի է փակել, երբ պահանջել, որ նյութը հեռացվի եւ այլն), եւ երկրորդ` ինքնակարգավորման որոշակի մեխանիզմներին: Այսինքն` պետությունը օրենսդրորեն սահմանում է, որ օրինակ լրատվական կայքերը կամ օպերատորները պարտավոր են առաջնորդվել ներքին կանոնակարգումներով, օրինակ, հաշվետվություն ներկայացնել, հրապարակել դրանք: Մեր հետազոտության ավարտը կլինի 2023թ. մայիս-հունիս ամիսներին: Բավականաչափ խորքային հետազոտություններ ենք իրականացնում, որոնց արդյունքները կհրապարակենք:

Ինչ վերաբերվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ուսումնասիրում ենք այդ նախագծի կարգավորումները: Առաջին հայացքից բավականաչափ կոշտ կարգավորումներ են նախատեսված արտակարգ դրության ժամանակ: Այնուհանդերձ, մենք անվտանգային խնդիրներ ունենք, եւ արտակարգ իրավիճակներում գուցե եւ որոշակի պահանջներ առաջանան, բայց ուզում ենք հստակ հասկանալ, թե ինչ հիմնավորումներ են բերված»:

Սուրեն Քրմոյանը նաեւ ընդգծեց. «Առնվազն պետք է խորությամբ այդ ամենն ուսումնասիրվի: Շատ լավ է, որ հանրային քննարկման է դրվել նախագիծը, լավ կլիներ, որ առկա ռեժիմով եւս քննարկումներ լինեին: Մենք արդեն այդ փորձառությունը Քովիդի շրջանում շատ կարճ ժամանակ ունեցել ենք, ու այդտեղի դասերը եւս պետք է նկատի ունենալ: Մենք հիմա փորձում ենք նախագծի կարգավորումները, դրանց խստությունը համեմատել հիմնավորումների հետ՝ նաեւ Եվրոպական կոնվենցիայի կարգավորումների, համաչափության, հիմնավորվածության համատեքստում:

Այս պահին շատ բան չենք կարող ասել, որովհետեւ ավելի շատ պրոֆեսիոնալ իրավական դաշտում ենք ուզում դիտարկել: Բայց վստահաբար «Թվային Հայաստան» կազմակերպությունը e-draft-ի հարթակում կներկայացնի իր դիրքորոշումը՝ նախագծի հետ կապված: Առնվազն հիմնավորվածության առումով կխնդրենք, որ նախագիծը մշակողները ուսումնասիրությունից հետո ավելի շատ հիմնավորեն, թե ինչքանով են խիստ կարգավորումները, ինչ լավագույն փորձ կա նմանատիպ երկրների եւ այլն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031