Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը,
որ ստեղծված է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24):
Կարդացեք նաև
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։



Սիրելիներ, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ։
Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։
Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։
Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին։
Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունը իրենց աստվածապատվեր առաքելությանը և հավատավոր հոտին։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։
Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով.
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
ձեզ և մեզ մեծ աւետիս
Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց























































