Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանների գործով դատալսումները։
Այսօրվա նիստում հարցաքննվեց Համբարձում Ներսիսյանը։ Պատմեց, որ ենթադրյալ դեպքի օրը իրեն է մոտեցել Գառնիկ Ղազարյանը և հարցրել՝ ի՞նչ տրամադրվածություն ունի ընտրությունների հետ կապված։ Համբարձում Ներսիսյանը հստակեցրեց, որ դեպքի օրը վերջինիս չի ճանաչել։
Համբարձում Ներսիսյանի փոխանցմամբ՝ ինքն ասել է, որ ընտրությունների հետ կապված չի խառնվում․ «Ասաց՝ ժամը չորսին իրենց թեկնածուն գալու է Ոսկեհատ՝ նախընտրական ծրագիր ներկայացնելու։ Ճշտեցի՝ ո՞վ է իրենց թեկնածուն։ Պատասխանեց՝ Հարություն Մկրտչյանն է։ Ասացի՝ «ես իր մասին լավ կարծիք չունեմ»։
Համբարձում Ներսիսյանի պատմելով՝ այդ զրույցի ընթացքում փորձել է Գառնիկ Ներսիսյանին ճանապարհել, որպեսզի վերջինս իրենց բակ չմտնի։ Գառնիկ Ղազարյանը Համբարձում Ներսիսյանին, ամեն դեպքում, հորդորել է՝ գնալ Հարություն Մկրտչյանի հետ հանդիպման և տեղում նրան ասել, որ իր մասին լավ կարծիք չունի և ստանալ համապատասխան հարցերի պատասխանները։ Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում մոտեցել է Գևորգ Ներսիսյանը։ Ըստ Համբարձում Ներսիսյանի՝ առաջարկել է, որ Գառնիկ Ղազարյանը հեռանա, ասել է, որ Հարություն Մկրտչյանի հետ հանդիպման անհրաժեշտություն իրենք չեն տեսնում։ Զրույցը տևել է մի քանի րոպե։
Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, հրաժարվեց ցուցմունք տալուց։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո։ Նրանք մեղադրվում են «Հանրապետություն» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Հաղորդումը ներկայացրել է Հարություն Մկրտչյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































