Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, բավականին բարձր է պատերազմի հավանականությունը, բայց հուսանք՝ միջազգային ինչ-ինչ երաշխիքներ այդ հավանականությունը կիջեցնեն»․ Մհեր Հակոբյան

Հունվար 09,2023 15:31

«Ցավոք, ես էլ կարծում եմ, որ բավականին բարձր է պատերազմի հավանականությունը։ Հուսանք՝ այսպես ասած՝ միջազգային ինչ-ինչ երաշխիքներ պատերազմի հավանականությունը կիջեցնեն»,- Aravot.am-ի փաստմանը՝ Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցում ամրագրված է՝ «44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են նոր առճակատման» և հարցին՝ իր գնահատմամբ մե՞ծ է ռազմական բախման հավանականությունը, այսպես պատասխանեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Նա նաև հավելեց՝ ցավոք, մեր պատերազմը չէր ավարտվել և շարունակեց․ «Շատ միամիտ էին այն մարդիկ, որ մտածում էին, թե պատերազմն ավարտվեց։ Առավել ևս միամիտ, եթե ոչ հանցավոր էին այն մարդիկ, որոնք կարծում էին՝ Արցախը հանձնելով «կպրծնենք»։ Էլ չասած, որ դա սրբապղծություն է։ Այսինքն՝ եթե մարդ իր երեխային տալիս է ու համարում, որ ինքը պրծավ, այդ մարդը լավ մարդ չէ։ Առավել ևս դա հիմարություն է, որովհետև մեկ է՝ չենք պրծնելու։ Հանրահայտ կկվի հեքիաթն է»։

Ըստ փորձագետի՝ պատերազմ երևի թե մոտակա շաբաթներում, մինչեւ ամսվա վերջ չի լինի։ Բայց ըստ նրա՝ մենք մեծացնում ենք այդ հավանականությունը, և դա հիմա ավելի մեծ է, քան 2021-ի այս օրերին։ Հարցին՝ ինչպե՞ս ենք մեծացնում պատերազմի հավանականությունը, Մհեր Հակոբյանը պատասխանեց․ «Մեր թուլությամբ։ Ոչ մի ռեալ քայլ չենք անում, որ պաշտպանվենք։ Հույսներս դրել ենք միջազգային բաների վրա, բանակաշինական, պետականաշինական առումով, ցավոք, ռեալ գործ չենք անում։ Հույսներս դրել ենք все пронесет-ի վրա։ Իսկ եթե՞ не пронесёт»:

Ըստ Մհեր Հակոբյանի՝ այստեղ նաև դերակատարություն ունեն Իլհամ Ալիևի հավակնությունները։ Բայց մյուս կողմից էլ փորձագետը նկատեց՝ Ադրբեջանի վիճակն էլ շատ լավ չէ․ «Միջազգային շահերի բախման իրավիճակում Ադրբեջանը խաղում է դանակի սայրի վրա։ Ես երբ ադրբեջանական մամուլն ու փորձագետներին մոնիտորինգ եմ անում, հետևում, տեսնում եմ, որ իրենք էլ վստահ չեն, շատ հարցերում իրենք էլ են վախենում։ Օրինակ՝ արևմտյան ճնշումը, որ կա, զգում եմ՝ իրենց անհանգստացնում է։ ԱՄՆ-ին աշխատում են ընդհանրապես չջղայնացնել։ Չէ՞ որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը վերջերս ասաց, որ պետք է Ադրբեջանն ու Ռուսաստանը բացեն Լաչինի ճանապարհը։ Եթե այս պայմաններում մենք լինեինք ուժեղ՝ գոնե 2020-ի սեպտեմբերի 27-ի վիճակով, ես ավելի լավատես կնայեի ապագային։ Բայց, ցավոք, մենք ավելի թուլացանք, մեր բանակի այս վերջին կորուստները լիովին չփոխհատուցվեցին, էլ չասած, որ բանակի ու հասարակության հետընթացը շարունակվում է։ Պատերազմը մենք անցանք մեծապես ոգևորության հաշվին, որ 25 տարիների ընթացքում կուտակել էինք։ Հիմա այդ ոգևորությունը մեծապես չկա»։

Զեկույցում ամրագրված է՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ռուսական ազդեցությունը զսպելու փորձեր են արվում, նաև այդ պատերազմը ստվերել է հայ-ադրբեջանական հակամարտությունը, ուստի հարցին՝ այս իրավիճակն արդյոք մեզ թույլ տալի՞ս է հենվել միջազգային երաշխիքների վրա, Մհեր Հակոբյանը պատասխանեց․ «Ե´վ այո, և´ ոչ։ Պետք է կոնկրետ իրավիճակում նայել։ Մեր՝ այսպես կոչված արևմտամետները, որ դնում էին զոհված ռուս զինվորների նկարները և ուրախանում, ես ժամանակին ասում էի՝ մի ուրախացեք, սա մեր վրա է գալու․ այնտեղ ինչքան վատ լինի, ցավոք, մեզ համար է վատ լինելու։ Որոշակի վճռականություն հիմա նկատում եմ ԱՄՆ կողմից, որ մեր տարածաշրջանում մեզ պաշտպանի։ Բայց, դե, դու պետք է քեզ պաշտպանես։ Պետք է մենք ուժեղանանք, բայց ցավոք, մենք չենք ուժեղանում, և դա մեր գլխավոր խնդիրն է այս պահին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031