Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կույր լինել չտեսնելու համար: Այդ հավկուրությունը կործանարար է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ժողովրդի ու պետության համար». Թաթուլ Մանասերյան. «Փաստ»

Հունվար 12,2023 10:44

Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է Թուրքիայի նպատակի մասին:

«Պետք է կույր լինել չտեսնելու համար, թե Թուրքիան ինչու է դա անում: Սա թուրքական ապրանքների էքսպանսիայի համար է արվում: ՀՀ-ում արդյո՞ք դա չեն տեսնում: Եթե ոչ, ապա ոչ միայն ղեկավար, այլև հայ ու մարդ կոչվելու իրավունք չունեն: Այդ հավկուրությունը կործանարար է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ժողովրդի ու պետության համար: ՀՀ տնտեսությունը պատրա՞ստ է դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիային: Չմոռանանք, որ մեր հարևան երկրների մեջ տարածաշրջանում Թուրքիան ամենահզոր տնտեսությունն է կառուցել»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով նաև այս առումով առկա հասարակական անտարբերությունը:

Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական խնդիրներին: Տնտեսագետը նույն Թուրքիայի հետ բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները նաև այդ համատեքստում հիշատակեց: «Այս տեսանկյունից խնդիրը ոչ միայն քաղաքական և հումանիտար աղետի համատեքստում, այլև տնտեսական անվտանգության շրջանակում պետք է դիտարկել: Հենց այս օրերին Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես կոչված, բարելավման փորձեր են արվում: Հենց այդ համատեքստում պետք էր դիտարկել ընդհանուր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորությունը, եթե, իհարկե, կա տարրական գրագիտություն և գոնե ազգային շահի գիտակցում: Հարցը պետք էր ավելի լայն դիտարկել: Իհարկե, շրջափակման խնդիրը մեկ օրում չի առաջացել, ոչինչ հեշտ չէ, բայց նաև կարելի էր որոշակի երաշխիքներով ու փոխադարձ պայմանավորվածություններով բացել Բերձորի միջանցքը: Կարծում եմ՝ ջանք գործադրելու դեպքում հնարավոր կլիներ: Ընդամենը արհեստավարժություն, ազգային շահի գիտակցում էր պետք, որոնք, բացառությամբ Հայաստանի, մեր բոլոր հարևան երկրներն ունեն: Քաղաքական դիվանագիտությունը մեծ դեր ունի, բայց պաշտոնական Երևանից երկչոտ, ամաչկոտ մեկ-երկու մեղադրանքներ են հնչել: Այդպիսի ամաչկոտ մեղադրանքներով որևէ մեկը ստիպված չի լինում խնդիր լուծել»,-ասաց Թ. Մանասերյանը:

Նա շեշտեց, որ պետք էր օգտագործել նաև ժողովրդական դիվանագիտությունը. «Իսկ քաղաքական դիվանագիտության համատեքստում մեր 120 հազար եղբայրների ու քույրերի կյանքի խնդիրը պետք է այնպես մտահոգեր, որ ո՛չ կառավարության, ո՛չ էլ մասնավորապես ԱԳՆ-ի աշխատասենյակներում մարդ չպետք է նստեր: Բոլորը պետք է հստակ գործի լծվեին»:

«Յուրաքանչյուր քաղաքացի իր հարկերով սնվող ու ապրող իշխանիկներին պատասխանատվության, հաշվետվողականության դաշտ պետք է բերի և հարցնի, թե մեր հարկերով ստացվող աշխատավարձերն ու պագևավճարներն ինչ են անում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031