Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում պարզաբանումներ պահանջեց Հաշվեքննիչ պալատից եւ առողջապահության նախարարությունից:
Անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ ծրագրի հաշվեքննությունը ցույց է տվել, որ նախ սահմանափակ տեղեկատվություն են տվել պալատին, մասնավորապես, նախարարությունը չի տրամադրել ծրագրի ընթացքում ծառայություններից օգտված եւ էլեկտրոնային «Արմեդ» համակարգում արձանագրված դեպքերի, շահառուների նույնականացման, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի մասին տեղեկատվություն: Նախարարը հայտարարել է անվճար տրամադրվող ծառայությունների գները, բայց թե ինչ մեթոդաբանությամբ են այդ գինը հաշվարկել, որտեղից են վերցրել, տեղեկատվություն չկա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «150 հազար մարդ է օգտվել, ամեն մեկին սխալ 1000 դրամի հաշվարկ՝ դա արդեն 150 մլն դրամ է»: Նա առաջարկեց քննարկումը հետաձգել, երբ տվյալները կտան,նոր գնահատեն ու հաշվեքննեն:
Կարդացեք նաև
Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ասաց, որ պացիենտի անձնավորված բժշկական տվյալները կարող են տրամադրել բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող մարմնին, լիազոր մարմնին՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար, դատական կարգով, բժշկասոցիալական, ռազմաբժշկական փորձաքննությունների համար, անգիտակից պացիենտի կոնտակտային անձին, ոստիկանությանը, քննիչներին, դատախազներին, դատարանին եւ այլն:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































