Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. «Կարող ենք ապրել եւ ադրբեջանցիների, եւ թուրքերի հետ, բայց դրա համար կան նախապայմաններ». «Առերեսում»

Հունվար 21,2023 22:00

Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պատասխանելելով Լաչինի միջանցքը բացելու Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի կոչին՝ թվիթերում գրել էր. «Պարոն նախարար, Լաչինի միջանցքը բաց է, ազատ տեղաշարժը ապահովված է։ Միայն դեկտեմբերի 12-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի երկու ուղղություններով Կարմիր խաչի, ռուսական խաղաղապահ զորակազմի և տեղացի հայ բնակիչների 644 միավոր տեխնիկա է անցել։ «Շրջափակման» մասին պնդումները որևէ հիմք չունեն»։ Այս մասին հիշատակմանն ի պատասխան «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը նախ հեգնեց. «Ավելի տաղանդավոր փաստարկ կա՝ ճանապարհը փակել են ռուսները: Իրականում, եթե շատ տեխնիկապես նայենք՝ այդպես է, որպեսզի տեղի չունենա բախում, մեջտեղում կանգնած են ռուս խաղաղապահները… Խնդիրը շատ պարզ է, այո, անցել են ավտոմեքենաներ, այո, տեղի է ունեցել գործընթաց: Հիմա եթե մեկնումեկը փորձի այդտեղով անցնի՝ մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում՝ երեխաների դեպքով: Լավ, ճանապարհն ինչ որ խնդիրներ ունի՝ բաց է-փակ է, ցուցարարներ են այնտեղ, ցուցարարների խնդիր է՝ բարձրավոլտ էլեկտրակայանի վերանորոգման աշխատանքներին է՞լ են ցուցարարները խանգարում… Իսկ գազամատակարարման անջատման-միացման գործընթացների՞ն, որ դոզավորված տալիս են՝ այնքան չլինի, որ մարդասիրական ճգնաժամը սարսափելի լինի, բայց այնքան չլինի, որ կոմֆորտ ապրեն: Ինտերնետի մալուխի ոչնչացումը եւ դրա հետ կապված գործընթացներն է՞լ են ամբողջությամբ «խաղաղ ցուցարարներն» իրականացնում…Այդ «խաղաղ ցուցարարների» մեծ մասը նույնականացված է. նրանք պետական աշխատողներ են՝ մի մասն ուժային, մի մասը՝ ոչ ուժային: Սա ուղղակի շատ ակնառու էր՝ երբ գալիս է մորթուց մուշտակով տիկինը եւ չի կարողանում աղավնին այնպես բաց թողել, որ այն չսատկի՝ ու դրանից հետո խոսել, թե ես բնապահպան եմ, եկել եմ բնապահպանական ինչ որ խնդիր լուծելու համար՝ սա ծիծաղելի է: Ակնհայտ ունենք ապացույցներ, որ այս մարդկանց գործողությունները վերագրելի են Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահը երբ ասում է, թե կբացվի կամ կփակվի (Ալիևն ասել էր, որ ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դուրս գալ Արցախից.-Ա. Ի.)՝ երկու տարբերակ կա՝ կամ Ադրբեջանն ունի հնարավորություն եւ իշխանություն այնտեղ բացելու, կամ չունի: Եթե ինքն ունի հնարավորություն բացելու եւ չի բացում՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը: Եթե չունի գործիքակազմ՝ ինչպե՞ս է խոսք տալիս, թե կբացվի»:

Ու չնայած ակնհայտ է, որ Ադրբեջանն իրականացնում է Արցախը հայաթափելու եւ էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականություն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը News.am-ի հետ զրույցում ասել էր. «Երկրի ներսում սպասարկվող թեզերից մեկն այն է, որ արցախցիները չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ, բայց այդ թեզերը միայն ներքին քաղաքական օրակարգը պղտորելու նյութեր են։ Իհարկե, հնարավոր է ապրել ադրբեջանցիների հետ, որովհետեւ մենք հարցը չենք դիտարկում իրար ոչնչացնելու տեսանկյունից, որովհետեւ իրար ոչնչացնելու տեսանկյունից մենք մեր ծայրահեղ գործիքակազմն ենք կիրառում, իրենք՝ իրենց»: Արձագանքելով այս պնդմանը՝ Արամ Օրբելյանն ասաց. «Եթե արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ՝ ուզում եմ հասկանալ, այդ նույն մարդու կարծիքով՝ սյունեցիները նույնպե՞ս կարող են ապրել ադրբեջանցիների հետ, երեւանցիները կարո՞ղ են ապրել ադրբեջանցիների հետ, իսկ գյումրեցինե՞րը… Պատասխանը բոլոր դեպքերում «այո» է: Այսինքն՝ չկա տարբերակ, որ չես կարող ապրել: Խնդիրն ընդամենը հետեւյալն է՝ կա իրողություն դարձած փաստ՝ Արցախի անկախությունը: Եվ Արցախը երբեք չի ասում, թե ադրբեջանցիները չեն կարող գալ ու մենք ադրբեջանցիների հետ չենք կարող ապրել: Եվ Արցախի պետնախարարը շատ հստակ ասաց՝ մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել, մենք չենք կարող ադրբեջանցիների «տակ» ապրել (Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը. ասել էր Ռուբեն Վարդանյանը France 24 հեռուստաընկերության հետ զրույցում․–Ա․ Ի․): Խնդիրն ընդամենը հետեւյալն է՝ ինչպես ենք մենք կառավարում այս ամբողջը եւ ոնց ենք ապրելու»:

Արամ Օրբելյանը հիշեցնելով մասնավորապես Սումգայիթի, Բաքվի ջարդերը, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսեւորումները՝ մի քանի պայմաններ հիշատակեց, թե որ դեպքում հնարավոր կլիներ միասին ապրելը. «Հիմա ասում են՝ մոռանանք, գնանք առաջ: Չի լինում այդպես: Այստեղ շատ կարեւոր հանգամանք կա՝ կարող ենք ապրել եւ ադրբեջանցիների, եւ թուրքերի հետ, բայց դրա համար կան նախապայմաններ: Եվ ամենակարեւոր նախապայմանն այդ երկրների կողմից մի քանի փոքրիկ քայլեր են՝ պանթյուրքիզմը պետք է ճանաչվի որպես ցեղասպան եւ հակամարդկային քաղաքականություն: «Գորշ գայլերի» կազմակերպությունը պետք է ընդունվի որպես ահաբեկչական կազմակերպություն: Էնվեր փաշան պետք է համարվի մարդկության դեմ հանցագործ ու նրա նկարն օգտագործելը պետք է քրեականացվի: Պանթյուրքիստական, «Գորշ գայլերի» նշանները պետք է համարվեն հանցագործ գործողություններ։ Մեզ շատ հաճախ բերում են Իսրայելի եւ Գերմանիայի օրինակը․ փորձեք այսօր էլ Գերմանիայում նացիստական խորհրդանիշներով քայլել փողոցում ու տեսեք, թե ինչ կլինի ձեզ հետ։ Գործողություններն անելուց հետո կարելի է քննարկել, այլ ոչ թե՝ մոռանանք, թե ինչ է եղել»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031