Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։
Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։


Կարդացեք նաև
Փետրվարի 1-ին նմանօրինակ այցով պաշտպանության նախարարը եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։
Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: Այնուհետև տեղի է ունեցել զինծառայողների հետ անկեղծ զրույց, որի ընթացքում պաշտպանության նախարարը հետաքրքրվել է ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:
Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
ՀՀ ՊՆ





















































