Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության մասին մենախոսություններից հոգնել եմ

Փետրվար 20,2023 17:30

Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ

– Պարոն Գեւորգյան, ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ը ներառյալ։ Դուք մասնակցու՞մ եք այդ քննարկմանը։

-Ոչ, իհարկե։ Գիտության կազմակերպման և կառավարման ոչ մի օղակում, դրան ավելացրած ԱԺ համապատասխան հանձնաժողովը, գոնե մեկին չեմ տեսնում, ում հետ իմաստ ունի քննարկել։ Իսկ գիտության մասին մենախոսություններից արդեն հոգնել եմ։ 20 տարի է՝ հնարավոր բոլոր հարթակներում փորձում եմ գոնե քննարկվող հարցերը ձևակերպել՝ ոչ մի արդյունք։ Իսկ այս վերջին գիտաշխատողների անբովանդակ աշխատավարձերի բարձրացումը, ինչում կհամոզվեք տարեվերջին, պարզապես սոցիալական խնդիր լուծեց՝ փոքրացնելով կամ զրոյացնելով քննարկման հնարավոր մասնակիցների շրջանակը։

– Չեք էլ ծանոթացե՞լ նախագծին, եւ արդյոք դե՞մ եք աշխատավարձերի բարձացմանը։

–  Ծանոթացել եմ, չնայած ներկայացման ձևից արդեն երևում է, որ «հեղինակները» նպատակ չեն ունեցել քննարկում կազմակերպելու։ Խոսքը միայն Գիտության կոմիտեի կայքում դրված հայտարարության վերնագրում «գործունեություն» բառի մեջ տառասխալը չէ։ Որպեսզի ծանոթանաս ամբողջական օրենքի հետ, պետք է հանես 2000 թ․-ի օրենքը և սկսես ավելացնել այս նոր ուղղումներն ու լրացումները։ Համաձայնեք, որ տաղտկալի աշխատանք է և ամենաանհարմար «հրավերք»-ի ձեւը։ Ես դեմ եմ աշխատավարձի անբովանդակ բարձացմանը՝ մի բառ հանելով տեսեք, թե ինչպես է փոխվում ասածիս «վեկտորը»։ Ամբողջ աշխարհում գիտաշխատողների (և ոչ միայն նրանց) աշխատավարձը ունի երկու բաղադրիչ։ Մեկը՝ պաշտոնի համար, այսպես կոչեցյալ position-ը և երկրորդը՝ արդյունքի համար՝ այսինքն ինչքան շատ և լավ արդյունք տաս, այնքան շատ կվաստակես։ Կախված նրանից, թե տվյալ երկրում գիտությունն ինչ վիճակում է և զարգացման ինչ ուղիներ են փնտրում «կազմակերպիչները», այդ երկու բաղկացուցիչ մասերը լինում են տարբեր չափի։ Մեզ մոտ հիմնականը պաշտոնի համար տրվող գումարն է, ինչը իրենց կարող են թույլ տալ զարգացած երկրները։ Սրանք իրենց պահեցին զարգացած երկրի պես։ Չգիտեմ, թե ինչ հիմք ունեին։

–  Ենթադրենք նախագծի ներկայացման ձեւը լավը չէր, իսկ բովանդակությու՞նը։

–  Ճարպիկ ձևով ներքաշեցիք բովանդակային քննարկման մեջ։ Լավ, փորձեմ հազարերորդ անգամ կրկնվելով, գոնե լրագրողական հանրությանն ուղղորդեմ, որպեսզի «գիտության առաջնորդներին» ճիշտ և իմաստավոր հարցեր տան։ Գոյություն ունեն գիտության կազմակերպման 2 ձևեր՝ ակադեմիական և համալսարանական։ Ակադեմիական ձևը, ինչը հիմնադրվել է Գերմանիայում և ցարական Ռուսաստանում մոտ 200 տարի առաջ, ենթադրում է, որ գիտությունը կազմակերպում են ուսումնական հիմնարկներից առանձին։ Այս ձևը գյություն ուներ նախկին սովետմիության և նրա վասալների մոտ։ Մնացել են մի տասնյակ երկրներ, որոնք դեռ պահպանում են գիտության կազմակերպման այս ձևը։ Եվ համալսարանական գիտությունը, ինչ ենթադրում է գիտության և բարձրագույն կրթության կազմակերպումը նույն վայրում՝ համալսարանում։ Առաջին հարցը, որը պետք էր դնել և հստակ ձևակերպել՝ ի՞նչ տիպի կազմակերպման ձև ենք ուզում ունենալ Հայաստանում։ Քանի որ նախագծի հեղինակները ոչ մի կապ չունեն գիտության հետ և, ըստ ամենայնի, տեղեկացված էլ չեն, խուսափել են խնդրի այս պարզ ձևակերպումից։ Սա էլ իր հերթին բերել է անհեթեթ աղմուկի՝ վայ, աման, ակադեմիան փակում են։ Ակադեմիան փակելու հարց չկա, ակադեմիաներ կան աշխարհի երկրների մեծամասնությունում։ Այնտեղ հավաքվում են գիտության «ուժեղները», որոնք ուղղորդելու են գիտությունը։ Դա չի նշանակում, որ համալսարանական գիտության պայմաններում նրանք անելիք չունեն կամ նրանց ազդեցությունը գիտության վրա փոքրանալու է։ Անունը դրեք գիտնականների բարձրագույն լիգա, եթե այդպես է ձեզ հարմար։

–  Դուք ենթադրում եք, որ ՀՀ ԳԱԱ-ում հավաքվել են ամենաուժեղ գիտնականնե՞րը։

–  Ես ոչ մի բան էլ չեմ ենթադրում, և անիմաստ հայ-հույ անողներին ասեմ, որ ամենաուժեղներին ջոկելու պարզ ձև կա՝ նրանց տպագրած աշխատանքները, եղած հղումները նրանց հոդվածների վրա, ամսագրերի որակը, որտեղ նրանք տպագրվում են։ Դա ուրիշ հարց է, դրա մասին առանձին կխոսենք։

–  Կա կարծիք, որ գիտական հիմնարկները համալսարաններին միացնելով՝ կավելանա վերջիններիս տպագրած աշխատանքների թիվը։ Սա էլ կբերի նրան, որ առաջին 500 լավագույն հաամալսարանների մեջ մենք էլ կունենանք մեր հայկական բրենդը։

–  Հանդիպել եմ նման կարծիքի, հերթական դատարկաբանությունն է։ Բացատրեմ պարզագույն թվաբանության միջոցով։ Անցած 2022 թ․-ին, ըստ Web of Science-ի՝ հայաստանյան ամբողջ գիտությունը տպագրել է 840 աշխատանք տարբեր ամսագրերում։ Ըստ նույն շտեմարանի՝ իրանական լավագույն համալսարաններից 19-րդն է այդքան հոդված տպագրել։ Դա K. N. Toosi University of Technology համալսարանն է։ Համեմատելու համար ասեմ, որ պարսկական առաջատար ISLAMIC AZAD UNIVERSITY-ին տպագրել է 7312 աշխատանք։ Հիմա ուշադիր՝ բարդ թվաբանւթյունն է սկսվում։ Եթե հայաստանյան ամբողջ գիտական արդյունքը վերագրենք որևէ հայկական համալսարանի, ասենք Ագաթանգեղոսի համալսարանին, եթե այդպիսին կա, ապա նա լավագույն դեպքում իրանական 19-րդ համալսարանի հետ կարող է մրցակից լինել։ Իսկ այդ իրանական համալսարանը զբաղեցնում է աշխարհում 1172-րդ տեղը։ Պնդումը, թե գիտական ինստիտուտները միացնելով համալսարաններին կբարելավի հայկական բուհերի վիճակը՝ հերթական «աննախադեպ ապուշ» պնդումն է։

–  Միգուցե այլ չափանիշներ էլ կա՞ն, որոնք կնպաստեն այդ տեղի բարելավմանը, եւ մենք կունենանք 500-ի մեջ որևէ համալսարան։

–  Իհարկե կան, բայց առաջին իսկ համեմատությունը հուշում է, որ ավելի վատ տեղ կգրավենք։ Վերջերս բախտ վիճակվեց ծանոթանալ Լիտվայի ԳԱԱ նախագահի հետ։ Բնականաբար հարցրեցի, թե ինչքան է գիտաշխատողների վարձատրությունը։ Ասպիրանտը ստանում է 850 եվրո, պոստդոկը՝ 1500 և այլն։ Առանց այդ պարամետրի, այն է՝ միջին աշխատավարձի բարելավման, ոչ մի արդյունք էլ այս անհեթեթ ծրագրով չենք ունենա։ Էլ հարց չտաք՝ մնացածը հետո։ Գրանցենք, որ՝ ինչ խնդիր են փորձում լուծել նախագծի հեղինակները՝ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով էլ դիմացի կողմից հնչում են նույնքան անիմաստ պնդումներ՝ ակադեմիան կամրջակ է գիտության և չգիտեմ ում միջև։ Իրար արժեն, զբաղվում են․․․

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ Սասուն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728