Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ամենն, ինչ պետք է իմանալ կաթվածի մասին՝ «բժշկական առասպելներին» չհավատալու և արագ կողմնորոշվելու համար

Փետրվար 24,2023 09:30

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կաթվածն ամբողջ աշխարհում հաշմանդամության առաջացման առաջնային պատճառներից մեկն ու մահացության երկրորդ պատճառն է։ 2022 թ․-ի տվյալներով՝ վերջին 17 տարում կաթվածի զարգացման վտանգն աճել է 50 %-ով և ըստ գնահատականների՝ ամեն չորրորդ մարդն իր կյանքի ընթացքում կաթված է ստանում։

Կաթվածը երկու հիմնական տեսակի է լինում․ առավել հաճախ է հանդիպում իշեմիկ կաթվածը, որի հիմնական պատճառը գլխուղեղին թթվածին մատակարարող արյան հոսքի արգելակումն է։ Երկրորդը հեմոռագիկ կաթվածն է, որն առաջանում է ներուղեղային արյունազեղման հետևանքով։

Կաթվածի ենթատեսակներից է անցողիկ իշեմիկ գրոհը (ԱԻԳ), որը երբեմն «համր կաթված» են անվանում։ Այն տեղի է ունենում, երբ մի քանի րոպեով արգելակվում է արյան հոսքը դեպի գլխուղեղ։

Թեև կաթվածը շատ տարածված խնդիր է, սակայն այն դեռ բազմաթիվ հարցեր է առաջացնում մարդկանց շրջանում, ինչպես նաև կան մի շարք թյուրիմացություններ այդ վիճակի հետ կապված։

Medical News Today-ը դոկտոր Ռաֆայել Ալեքսանդր Օրտիսի հետ միասին անդրադարձել է կաթվածի հետ կապված «բժշկական առասպելներին»՝ հերքելով սխալ պատկերացումներն ու ներկայացնելով այն կարևոր դրույթները, որոնց իմացությունը կարող է ճակատագրական լինել ինչ-որ մեկի համար, ում ճանապարհին հանդիպում է այդ դժվարին փորձությունը։

1. «Կաթվածը սրտի խնդիր է»

Թեև կաթվածի ու սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները փոխկապակցված են, կաթվածի տեսակները տեղի են ունենում գլխուղեղում, այլ ոչ թե սրտում։

«Որոշ մարդիկ կարծում են, որ կաթվածը սրտի խնդիր է․ դա ճիշտ չէ, այն գլխուղեղի խնդիր է, որն առաջանում է գլխուղեղում զարկերակների կամ երակների խցանման կամ պատռվածքի պատճառով։ Շատերը կաթվածը շփոթում են սրտամկանի ինֆարկտի հետ, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը»,-ասում է դոկտոր Օրտիսը։

2. «Կաթվածը կանխարգելելի չէ»

«Կաթվածի՝ առավել տարածված ռիսկի գործոնները ներառում են հիպերտոնիան, ծխելը, խոլեսթերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, դիաբետը, գլխի կամ պարանոցի վնասվածքները, սրտի ռիթմի խանգարումները»,- ասում է դոկտոր Օրտիսը։

Վերոհիշյալ գործոնների մեծամասնությունը կարելի է վերացնել կենսակերպի փոփոխությունների օգնությամբ։ Ֆիզիկական կանոնավոր վարժություններն ու առողջ սնունդը կարող են նվազեցնել խոլեսթերինի բարձր մակարդակի, հիպերտոնիայի, ճարպակալման ու դիաբետի զարգացման վտանգը։

Վտանգի այլ գործոններ են համարվում ալկոհոլն ու սթրեսը․ ռիսկի այդ գործոնների նվազեցմանն ուղղված աշխատանքը կարող է նպաստել կաթվածի կանխարգելմանը։

3. «Կաթվածը գենետիկորեն չի փոխանցվում»

Գենետիկ որոշ հիվանդություններ, ինչպիսին մանգաղաբջջային սակավարյունությունն է, մեծացնում են կաթվածի վտանգը։
Գենետիկ գործոնները ևս, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների ու զարկերակային բարձր ճնշման նախատրամադրվածությունը անուղղակիորեն մեծացնում են կաթվածի զարգացման հավանականությունը։

4. «Կաթվածի ախտանշանները դժվար է հասկանալ»

Կաթվածի ախտորոշման համար օգտագործվում է FAST հապավումը, որն օգնում է արագ կողմնորոշվել և ճիշտ գործել նման իրավիճակներում։

  • Facial droop – դեմքի կախվածություն,
  • Arm weakness – ձեռքի թուլություն,
  • Speech difficulty – խոսելու դժվարություն,
  • Time to call emergency – շտապ օգնություն կանչելու ժամանակն է։

FAST-ը (անգլ․ թրգմ․՝ արագ) նաև ընդգծում է կարևորագույն գործողությունը՝ ԱՐԱԳ արձագանքումը։

Կաթվածի մյուս ախտանշանները ներառում են՝

  • դեմքի, ձեռքի, ոտքի կամ մարմնի մի կողմի թմրածություն կամ թուլություն,
  • գիտակցության խանգարում,
  • տեսողական խնդիրներ մեկ կամ երկու աչքերում,
  • քայլելու հետ կապված դժվարություններ, գլխապտույտ, հավասարակշռության, կոորդինացիայի կորուստ,
  • ուժեղ գլխացավեր՝ առանց հայտնի պատճառի։

5. «Կաթվածը բուժելի չէ»

«Թյուր կարծիք կա, որ կաթվածի հետևանքներն անդառնալի ու անբուժելի են», – ասում է դոկտոր Օրտիսը։

«Կաթվածի անհետաձգելի բուժումը թրոմբը քայքայող դեղամիջոցի ներարկման կամ վիրահատական միջամտության օգնությամբ կարող է վերացնել պացիենտի մոտ կաթվածի ախտանշանները, հատկապես եթե միջամտությունը ախտանշաններն ի հայտ գալուց հետո շատ արագ է կատարվում», – նշում է նա։

«Որքան երկար են պահպանվում ախտանշանները, այնքան նվազում է դրական ելքի հավանականությունը։ Դրա համար չափազանց կարևոր է ախտանշաններն ի հայտ գալուն պես (խոսքի խանգարում, տեսողական խանգարումներ, պարալիչ կամ ընդարմացում) անհապաղ շտապ օգնություն կանչելն ու հիվանդին մոտակա հիվանդանոց տեղափոխելը»։

Հետազոտութունը ցույց է տվել, որ այն պացիենտները, որոնք առաջին ախտանշանները հայտնվելուց հետո 3 ժամվա ընթացքում հասնում են հիվանդանոց, 3 ամիս հետո հաշմանդամության ավելի քիչ դրսևորումներ են ունենում, քան նրանք, որոնք ավելի ուշ են բուժօգնություն ստացել։

6. «Կաթվածը դիպչում է միայն մեծահասակներին»

Տարիքը կաթվածի ռիսկի նշանակալի գործոններից մեկն է։ 55 տարեկանից հետո ամեն 10 տարին մեկ կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ Սակայն այն կարող է պատահել ցանկացած տարիքում։

Մեկ հետազոտություն ցույց է տվել, որ 2009 թ․-ին կաթվածի պատճառով հոսպիտալիզացվածների 34%-ը մինչև 65 տարեկան է եղել։ Մեկ այլ զեկույցում նշվում է, որ 2013-ին «իշեմիկ կաթվածի 15%-ը բաժին է ընկել երիտասարդներին ու դեռահասներին»։ Այդ տարիքային խմբում պացիենտներին ուղեկցող խնդիրներից են եղել հիպերտոնիան, ճարպակալումը, ճարպային փոխանակության խանգարումները, ծխախոտի օգտագործումը։

7. «Կաթվածի բոլոր տեսակներն ախտանշաններ ունեն»

Կաթվածի ոչ բոլոր տեսակներն են ախտանշաններով դրսևորվում, և որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ անախտանիշ կաթվածներն ավելի հաճախ են հանդիպում, քան ախտանշաններով արտահայտվող տեսակները։

Մեկ հետազոտությամբ պարզվել է, որ 1998 թ․-ին գրանցված 11 միլիոնից ավելի կաթվածի դեպքերից միայն 770 000 են ախտանշաններ ունեցել։ Այս, այսպես կոչված, համր կաթվածի ապացույցները երևում են ՄՌՏ սկանավորման ժամանակ: Հաճախ համր կաթվածը բացահայտվում է, երբ պացիենտը ՄՌՏ է անցնում գլխացավերը, մտավոր խնդիրները կամ գլխապտույտի պատճառներն ախտորոշելու համար։

Թեև «համր կաթվածն» անախտանիշ է անցնում, այն պետք է բուժել ինչպես հարկն է, քանի որ կարող է մեծացնել «մեծ կաթվածի», մտավոր գործառույթների նվազեցման, դեմենցիայի վտանգը։

8. «Միկրոկաթվածն այնքան էլ վտանգավոր չէ»

«Միկրոկաթված եզրույթն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ այդպիսով շատերը մտածում են, որ այն փոքր է, հետևաբար փոքր վտանգներ է պարունակում», -ասում է դոկտոր Օրտիսը։ «Միկրոկաթվածն անցողիկ իշեմիկ գրոհն է, որը ոչ թե «փոքր կաթվածն» է, այլ միգուցե «մեծ կաթվածից» առաջ տրվող նախազգուշացում․ սուր կաթվածի ցանկացած ախտանշան, լինի դա համր, թե այլ կաթվածի դեպքում, անհապաղ բուժօգնություն է պահանջում»։

9. «Կաթվածը միշտ պարալիչ է առաջացնում»

Կաթվածը երկարատև անաշխատունակության առաջացման հիմնական պատճառներից մեկն է, սակայն կաթված տարած մարդկանցից ոչ բոլորն են անդամալույծ դառնում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ 65 և ավելի տարիքում կաթվածից վերապրածների կեսից ավելին ունենում են շարժունակության հետ կապված խնդիրներ։ Այնուամենայնիվ, կաթվածի երկարաժամկետ հետևանքները կախված են մի շարք գործոններից, ինչպիսիք են գլխուղեղի վնասված հյուսվածքների քանակն ու ախտահարման շրջանը։ Ձախ կիսագնդի վնասվածքներն, օրինակ, կազդեն մարմնի աջ կողմի վրա և ընդհակառակը։

Եթե կաթվածը տեղի է ունենում գլխուղեղի ձախ հատվածում, ապա կարող են լինել այսպիսի հետևանքներ․

  • Մարմնի աջակողմյան պարալիչ,
  • խոսքի հետ կապված խնդիրներ,
  • դանդաղաշարժություն,
  • հիշողության կորուստ։

Աջ հատվածում տեղի ունեցած ախտահարման պատճառով կարող է պարալիչ առաջանալ մարմնի ձախ կողմում, ինչպես նաև կարող են առաջանալ․

  • տեսողական խնդիրներ,
  • արագաշարժություն, հետաքրքրասեր վարքագիծ,
  • հիշողության խանգարումներ։

10. «Կաթվածից հետո վերականգնումն արագ է տեղի ունենում»

Կաթվածից հետո վերականգնումը կարող է ամիսներ, անգամ տարիներ խլել։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում վերականգնվել։ Կաթվածի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ կաթվածից հետո վերապրածներից

  • 10%-ը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է,
  • մոտ 10%-ը տնային խնամքի կամ հատուկ հաստատությունում խնամքի կարիք է զգում,
  • 25% -ն առողջանում է աննշան խանգարումներով,
  • 40%-ը չափավոր կամ ծանր խանգարումներ է ունենում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կաթվածից հետո 2-3 ամիսը կարելի է համարել ժամանակավոր կրիտիկական պատուհան, որի ընթացքում ինտենսիվ վերականգնումը մեծ հավանականությամբ հանգեցնում է ապաքինման։ Այդ ժամանակաշրջանում որոշ պացիենտներ նաև առողջանում են ինքնաբերաբար։ Այդ պատուհանից անդին վիճակի բարելավումը դեռևս հնարավոր է, սակայն դա կարող է ավելի դանդաղ ընթանալ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728