Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

Փետրվար 24,2023 18:17

24 փետրվարի, 2023 թ, Երևան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը  երկրորդն է ՀՀ-ում  Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։

Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝  24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։

Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր  հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի գիտելիքների լավացման և խորացման առումով»։

Ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց նաև Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։

«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշեց Գոռ Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ  նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։

Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի տեխնիկական  կրթություն ստանալու և զարգացում  ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ «Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է  բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը», -նշեց նա։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը  ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-նշեց դեսպանը։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից արդեն մարտ ամսին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728