Բիբլոս Բանկ Արմենիան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը համատեղ իրականացնում են աշխատարանների շարք՝ 12-18 տարեկան պատանիների համար։
Աշխատարանների ընթացքում Թումոյի ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու գործնական փորձի միջոցով նոր գաղափարներ գեներացնելու և բացահայտելու տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը։
Կարդացեք նաև
Ռոբոտաշինության և 3D մոդելավորման աշխատարաններն արդեն կայացել են, դրանց 32 պատանի է մասնակցել, իսկ երրորդը կանցկացվի առաջիկայում։
Ռոբոտաշինության աշխատարանի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես է աշխատում GPS-ը, ինչ են աշխարհագրական լայնությունն ու երկայնությունը, և թե ինչպես է որոշվում շարժման ուղղությունը։ Գործնական աշխատանքի ընթացքում նրանք փորձարկել են GPS ընդունիչ և էլեկտրոնային կողմնացույց՝ դրանց օգնությամբ ստեղծելով նավիգացիոն սարք, որը կկարողանա գրանցել անցած երթուղիները, ցուցադրել դրանք քարտեզի վրա և օգնել օգտատերերին կողմնորոշվել արդեն իսկ պահպանված ճանապարհներով։
Իսկ 3D մոդելավորման աշխատարանը նվիրված էր ճամփորդող ցուցահանդեսի գաղափարին։ Ճարտարապետ Անաիս Սանսոնետիի հետ մասնակիցները փորձել են գտնել ստեղծարար և գործնական լուծումներ՝ ամբողջական ցուցահանդեսը մեկ կոմպակտ տուփի մեջ տեղավորելու համար։ Աշխատարանի ընթացքում պատանիներն ուրվագծել են իրենց գաղափարները, Rhino ծրագրի միջոցով ստեղծել դրանց եռաչափ մոդելները, ապա պատրաստել ֆիզիկական մակետներ՝ փորձարկելով իրենց նախագծած լուծումները։
2026 թ․ ամռանը Բիբլոս Բանկ Արմենիան և Թումոն համագործակցել էին նաև «Թումոն Արցախի պատանիների համար» (T4AT) ծրագրի շրջանակում, որի նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիներին՝ նոր միջավայրում նրանց առողջ ինտեգրման ճանապարհին։
Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Բանկը համագործակցում է բուհերի և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ երկարաժամկետ հեռանկարում արդյունքներ տեսնելու ակնկալիքով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


























































