«Դիմահարդարումը ինքնավստահություն է հաղորդում կնոջը, հնարավորություն է ընձեռում միաձուլել կնոջ ներքին եւ արտաքին գեղեցկությունը, այդպիսով օգնելով, որպեսզի նա ներդաշնակ լինի իր «ես»-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ամերիկաբնակ դիմահարդար Սառան (Սիրուշ Հակոբյան)։ Նա մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ուսման տարիներին նրան ձգել է դիզայների, ֆլորիստ դիզայների աշխատանքը, զբաղվել է նաեւ զարդերի դիզայնով։
Մեր զրուցակցի խոսքով՝ «Երբ 2013-ին տեղափոխվեցինք ԱՄՆ մշտական բնակության, ինձ մոտ ամեն ինչ փոխվեց եւ ամենակարեւորը՝ հասկացա, որ արվեստը հաղթեց հոգեբանությանը։ Իսկ հիմա արդեն կարող եմ հայտարարել, որ հոգեբանի մասնագիտությունը շատ-շատ է օգնում դիմահարդարիս»։ Իսկ լավագույն արդյունքի հասնելու ամենակարեւոր նախադրյալը մեր զրուցակիցը համարում է աշխատասիրությունը. «ԱՄՆ տեղափոխվելուց հետո ընկերներիս, հարազատներիս օգնում էի դիմահարդարվել եւ հենց նրանց հորդորով սկսեցի խորանալ այս մասնագիտության մեջ։ Դասեր վերցրի Լոս Անջելեսի գեղեցկության քոլեջում, դիմային նկարչության դասեր՝ Գլենդելի քոլեջում, իսկ հետո, ինչպես ընդունված է այստեղ, լիցենզավորվեցի որպես դիմահարդար։ Այնուհետեւ տեղեկացա, որ մեր հայրենակից Աշխեն Կոստանդյանը դիմահարդարման ու վերապատրաստման դասընթացներ է անցկացնում։ Եվ քանի որ իմ էությամբ գերազանցիկ եմ՝ դպրոցն ու համալսարանն ավարտել եմ գերազանցությամբ (ժպտում է- Ս.Դ.), կողմնակից եմ որպես մասնագետ անընդհատ աճելուն։ Նշեմ նաեւ, որ բարդություններից բացարձակ չեմ վախենում եւ գնում եմ մասնագիտական այն ուղղություններով, որոնք շատ դիմահարդարներ կարող են շրջանցել։ Վերադառնամ այսօր արդեն ինձ համար հարազատ մարդուն՝ Աշխեն Կոստանդյանին։ 2017թ. սկսեցի դասընթացների հաճախել նրա մոտ՝ Beauty Fabric-ում։ Արդեն շուրջ երկուսուկես տարի է՝ պատիվ ունեմ աշխատելու այդ հեղինակավոր հաստատությունում։ Շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների հետ աշխատել եմ տեսահոլովակներ ստեղծելիս որպես դիմահարդար՝ Թաթա, Արման Հովհաննիսյան, Գրիշո… Մոռացա նշել, որ մեյքափի առաջին դասերը վերցրել եմ Սյուզաննա Հարությունյանից»։



Հետաքրքրությանը՝ հաճա՞խ են հանդիպում «բարդ» հաճախորդներ, դիմահարդարը վստահեցրեց, որ ամենաբարդ հաճախորդներն անգամ ժպիտով են հեռանում, դարձյալ հիշեցնելով, որ այդ հարցում իր օգնականը եղել ու մնում է առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, հետո էլ հավելեց. «Հիմնական այցելուներս, բնականաբար, տարբեր ազգությունների կանայք են եւ նրանցից յուրաքանչյուրին վերաբերվում եմ որպես գեղեցկուհու, անում ամեն ինչ, որ էլ ավելի ընդգծվի նրա անհատականությունը, յուրահատկությունը»։
Կարծիք կա, որ ամենաշահութաբեր մասնագիտություններից է դիմահարդարումը։ Այս առումով մասնագետն արձագանքեց հետեւյալ կերպ. «Չէի ասի՝ ամենա, բայց շահութաբեր է։ Ի դեպ, Ամերիկայում ցանկացած ոլորտի բարձրակարգ մասնագետ գտնում է իր տեղը, հետեւաբար՝ լավ վարձատրվում»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2023






















































