Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցի երգերը» հիմա էլ մեր՝ «Արամ Խաչատրյան» դասական երաժշտության տաճարում

Մարտ 03,2023 13:30

«Փողոցի երգերը՝ դասական երաժշտության տաճարում». հանճարեղ Էդիտ Պիաֆի ցնցող մի մենահամերգից հետո ֆրանսիական մամուլում տեղ գտած այս արտահայտությունը հարուստ, ինքնատիպ ձայնով, արտահայտիչ շարժուձեւով ու կատարողական անթերի վարպետությամբ «փողոցի» երգչուհուց մեծ փառքի հասած արվեստագետի լիարժեք նկարագիրն է։ Ընդ որում, դա 1960-ականներին էր, երբ երգչուհին հիվանդության պատճառով արդեն հազվադեպ էր ներկայանում հանդիսատեսին։ Նրա վերջին ելույթներից հատկապես նշվում է 1962թ. Էյֆելյան աշտարակի բարձունքից ողջ Փարիզի համար հնչեցրած իր լավագույն հիթերը՝ «Միլորդ», «Դու չես լսում», «Ոչ, ես ոչնչի համար չեմ ափոսում», «Սիրելու իրավունքը» եւ այլն։

Մարտի 8, 9-ին մեր դասական երաժշտության տաճարում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ֆրանսիական մամուլի ձեւակերպմամբ՝ «փողոցի երգերը» Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կհնչեն ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի Նատալի Լերմիտտի մատուցմամբ։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստների եւ երկացանկի մենեջեր Նարինե Ամիրյանը՝ հավելելով, որ 2015թ. ռեժիսոր Ժիլ Մարսալայի հեղինակությամբ եւ գեղարվեստական ղեկավարությամբ աշխարհի ավելի քան 50 երկրում ներկայացված այս նախագիծն առաջին անգամ կներկայացվի մեր հանդիսատեսին, մասնակցությամբ ակորդեոնահար Ֆրեդերիկ Վյալեի եւ դաշնակահար Նովույուկի Նակաջիմայի, որը նաեւ երգերի փոխադրումների հեղինակն է։ «Պիաֆի երգերով ու կերպարով հագեցած Մասալայի իրականացրած այս շոուն ճանաչվել է որպես վերջին տարիների ֆրանսիական երաժշտական ամենահաջողված նախագիծ։ Այդ կարծիքին են եղել երգչուհու մտերիմ բարեկամները, այդ թվում՝ նրա անձնական քարտուղարը՝ Ժինետ Ռիշերը, կոմպոզիտոր Շառլ Դյումոնտը, երգիչ Շառլ Ազնավուրը եւ մյուսները»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մենք էլ հիշեցնենք մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հետեւյալ միտքը. «Պիաֆը իմ ուսուցիչը եղավ, նա ինձ սովորեցրեց սիրել ժողովրդին, հասկանալ նրան, տանել նրա կամայականություններն ու անհավատարմությունները… Նա եզակի էր՝ Ջիբրալթարի ժայռի նման մեծ սրտով, կիսասուրբ իր բնավորությամբ։ Նրա միջավայր մուտք գործելուց հետո այլեւս դուրս գալ չէիր կարող. նա քեզ կախարդում էր։ Հմայքի, հանճարի, թերությունների ու արժանիքների այդ մրրիկը իր ողջ փոքր հասակով կառչած էր իր դիրքերին»։


Երգչուհի, դերասանուհի յուրահատուկ այդ ճնճղուկը (պիաֆ՝ ֆրանսերենից թարգմանաբար՝ ճնճղուկ) 8 տարեկանից երգել է հրապարակներում, հոր կազմակերպած ներկայացումներում, հանդես է եկել Փարիզի կաբարեներում, մյուզիքհոլլում, կրկեսում։ 1936-ից Պիաֆի եւ բանաստեղծ Ռայմոն Ասսոյի ու կոմպոզիտոր Մարգրեթ Մոննոյի համագործակցությամբ ձեւավորվեց երգչուհու ոճը։ Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պիաֆը հաճախ է ելույթ ունեցել զինվորական հոսպիտալներում, բարեգործական համերգներով օգնել զոհվածների ընտանիքներին։ Նա հետպատերազմյան շրջանում հասավ իր փառքի գագաթնակետին, մասնավորապես՝ «Օլիմպիա» համերգասրահում առաջին անգամ բեմ բարձրացավ 1958թ.։ Երբ 1940թ. հանրահայտ ռեժիսոր ու գրող Ժան Կոկտոն հրավիրեց Պիաֆին՝ խաղալու իր «Ամենատարբեր գեղեցիկ տղամարդը» պիեսում, կինոռեժիսոր Ժորժ Լակումբը 1941թ. այն վերածեց ֆիլմի՝ «Մոնմարտրը Սենի ափին» վերնագրով։ Հենց այդ ժամանակից սկսվեց նրա  դերասանական կարիերան։ Մասնագետներն առանձնացնում են հատկապես Ժան Մարեի խաղընկերությամբ «Եթե ինձ պատմեն Վերսալի մասին» ֆիլմը։


Էդիթ Պիաֆը հեղինակ է երկու գրքերի՝ «Հաջողություններ պարահանդեսում», «Իմ կյանքը»։ Մինչ օրս շատ հանրահայտ դեմքեր տարբեր առիթներով մեջբերումներ են անում՝ ցիտելով պիաֆյան մտքեր. «Երջանկության համար պետք է հատուցել արցունքներով», «Ես երգում եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար», «Ճիշտ է, որ իմ կյանքը եղել է նողկալի, սակայն այն նաեւ սքանչելի է, որովհետեւ ես առաջին հերթին սիրել եմ կյանքը»…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Նատալի Լերմիտ – Պիաֆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.202

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031