Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Գյումրիում

Մարտ 11,2023 12:00

Հայաստանը ժաժքի երկիր է. դեւերը կվիճեն՝ հողը իրար կուգա:
Հովհաննես Շիրազ

Գյումրին (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) գտնվում է Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին: Այն բնակչությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է:

Քաղաքը գտնվում է սեյսմիկ գոտում, որի պատճառով այստեղ դարերի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կործանիչ երկրաշարժեր: Բավական է վերհիշել Անիի 1003/4, 1007, 1013, 1022, 1036, 1045, 1046, 1064, 1104, 1132, 1319 եւ այլ երկրաշարժերը, որոնք ուղեկցվել են մարդկային զոհերով ու մեծ ավերածություններով: Բնականաբար, անմասն չի մնացել նաեւ Գյումրին, որտեղ, հատկապես վերջին 150 տարվա ընթացքում կայացած երկրաշարժերը մանրամասն գրառված են:

Գյումրի, 1877թ. Ալեքսանդրոպոլ, Հայկական եկեղեցի

1840թ. հունիսի 20-ի Արարատյան երկրաշարժը ընդգրկել է նաեւ Ալեքսանդրապոլը, սակայն, ինչպես նշվել է, վտանգավոր հետեւանքներ չի ունեցել: Քաղաքում ցնցումը նկատվել է նաեւ օգոստոսի 2-ին՝ երեկոյան:

1856թ. օգոստոսի 25-ին դարձյալ երկրաշարժ է զգացվել Ալեքսանդրապոլում:

Երկրաշարժի ցնցումներ են գրանցվել 1868թ. փետրվարի 4-ին, 6-ին (քաղաքում իրերը ուժեղ կերպով ճոճվել են, մի շարք կամարներ ճաքել), 9-ին, 10-ին, 11-ին, 13-ին (կարճատեւ տատանումներ), մարտի 17-ին (բավականին ուժեղ) եւ այլն: Իսկ հաջորդ տարվա՝ 1869թ. դեկտեմբերի 14-ի, երկրաշարժը նկարագրել է Ալեքսանդր Արաբաջյանը. «Երկրաշարժ պատահած է Աղէքսանդրապօլոյ մէջ հետզհետէ մի քանի անգամ կրկնելով՝ իւրաքանչիւր անգամին գրեթէ՝ 1/2 ժամ միջոց տալով, բայց մի քանզ միւսն թոյլ եւ թեթեւ, միայն առաջինը սաստիկ ցնցած է մինչեւ 1 1/2 րոպէ տեւողութեամբ: Այնուամենայնիւ գոհութիւն Աստուծոյ, առանց վնասուց անհետացած է այժմ երկրաշարժը»:

Ալեքսանդրոպոլ, 1912թ.

Այնուհետեւ հեղինակը փորձում է բացատրել երկրաշարժի առաջացումը. «Բայց այդու այնուամենայնիւ այդպիսի երկրաշարժութեանց իրական պատճառն եւ հետեւանքն բնագէտներին զննելու, աւելորդ չեմ համարիր գրել միայն այս երկու դիտողութիւններս, որ նախքան զայն տարժանելի ժամն, եւ զկնի նորան, հարկադրուեցայ անելու: Առաջին՝ որ կարծես թէ բնութիւնն ինքն էլ՝ գթալով իւր խղճալի որդւոց վերայ, կէս ժամու չափ յառաջ իմացումն կտայ նորանից այդ սոսկալի եղելութիւնը, փոխելով սովորական օդը մի այլ ծըծմբախառն գազի՝ որ գոգցես թէ օդի մէջ ծծումբ ծուխ տուած լինես, որը թէպէտ նոյն միջոցին ինձ հետ շատերն էլ զգացին, բայց անփորձութիւնը արգելեց մեզ մակաբերելու՝ թէ սրան շուտօք պէտք է յաջորդէ մի տարժանելի ամ, մի ահռելի վայրկեան: Երկրորդ՝ որ զկնի նոյն երկրաշարժութեանը յաջորդեց մեր քաղաքի մէջ թեթեւ չոր հազ եւ հարբուխ ասուած ցաւը, այնպէս որ այսքանի օրս հազիւ ուրեմն կգտնուէր անձն, որ ազատ լինէր յիշեալ ախտից եւ այն բաւական խստութեամբ մի՞գուցէ այս եւս հետեւանք լինէր նոյն երկրաշարժութեանը: Այս հիւանդութիւնը թէ եւ տարափոխիկ է եւ ըստ մեծի մասն ցրտից կյառաջանայ, բայց մի՞գուցէ եւ օդի յանկարծ փոխուելուց եւս պատճառի կամ աւելի եւս սաստկանայ, որը դարձեալ կյանձնե բժշկաց՝ կամ փորձառու մարդկանց քննադատութեանը»:

1888թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդրապոլում «եղաւ թեթեւ երկրաշարժ»:

1896թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած երկրաշարժը զգալի է եղել Անդրկովկասի շատ տեղերում. «Բաւական ուժեղ է եղել երկրաշարժը՝ Գանձակում, Աէքսանդրապօլում, Ախալքալաքում եւ այլն»: Նույն երկրաշարժը Ալեքսանդրապոլից նկարագրվել է. «Սեպտեմբերի 10-ի առաւօտեան ժամը 8-ին խիտ երկրաշարժ զգացուեց: Խանութներից եւ տներից բոլորը դուրս վազեցին փողոց: Շարժը տեւեց միեւնոյն արագութեամբ 5 վայրկեանից աւելի»:

1898թ. օգոստոսի 1-ին, առավոտյան, Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ երկրաշարժ առանց վնասների: Երեք զորեղ ցնցումներ եղան, եւ լսվեցին ստորերկրյա գոռոցներ: Շրջակայ գյուղերից մի քանիսում փուլ են եկել տներ. եղել են եւ մարդկային զոհեր:

1910թ. հունվարին Ալեքսանդրապոլից գրել են. «Ամսիս 12-ին առաւօտը 5 ժամից 10 րոպէ պակաս քաղաքումս զգացւեց ստորերկրեայ ցնցում, որը թէեւ շատ կարճատեւ էր, բայց բաւականին զօրեղ: Արտակարգ բնաւորութիւն կրող էր այդ ցնցումը. չնայած նրա բաւական ուժեղ մի երկու հարուածին, առաստաղից կախւած լամպան չշարժվեց: Այդ բացատրւում է նրանով, որ ցնցումները ներքեւից դէպի վեր էին ուղղահայաց ուղղութեամբ»:

 

Ալեքսանդրոպոլ, 1914թ.

1912թ. մայիսի 25-ին, երեկոյան, Ալեքսանդրապոլում «տեղի ունեցաւ բաւական ուժեղ ալիքանման երկրաշարժ, որ տեւեց երկու վայրկեան: Հարուածի ուղղութիւնը արեւելքից արեւմուտք էր»:

1916թ. նոյեմբերի 1-ին, «երեկոյեան ժամը 5-ին կրկին երկրաշարժի տատանումներ եղան Ալեքսանդրապոլում, որոնք ավելի զորեղ էին Երեւանի շրջանում: Ժողովուրդը, որ առաջին երկրաշարժից արդեն սարսափահար էր եւ հավատացած նրա կրկնության, այժմ հետզհետե վարժվում է. սկզբնական սարսափն անցնում»:

1923թ. դեկտեմբերի 12-ին առավոտյան Ալեքսանդրապոլում զգացվել է ուժեղ երկրաշարժի ցնցումներ:

1926թ. հունվարի 9-ին առավոտյան Լենինականում երկրաշարժ է գրանցվել: Իսկ հոկտեմբերի 22-ին, երեկոյան, երկրաշարժը աղետալի բնույթ է ունեցել Լենինականում եւ շրջակա գյուղերում: Երեք ուժգին հարվածներից կործանվել են ավելի քան 1500 տներ, զոհվել եւ ծանր վիրավորվել 600 մարդ: Լենինականի որոշ մասեր ավերվել է: Երկրաշարժի ցնցումները հետզհետե մարելով տեւել է ավելի քան մեկ տարի:

Երկրաշարժից անմիջապես հետո, Գարեգին արք. Հովսեփյանը շտապել է Լենինական եւ Վեհափառ Հայրապետին նկարագրել քաղաքի աղետալի վիճակը. «Տեղի առաջնորդ Տ Իսահակ ծ. վարդապետի եւ երկու հոգաբարձուների հետ շրջեցի բոլոր եկեղեցիները եւ քաղաքի մի մասը, պարտէզները, ուր թեթեւ ձեռաց շինած վրանների տակ պատսպարուած էին տնաւէր աղէտեալները: Եկեղեցիներից համեմատաբար աւելի աւերուածը Փրկչի եկեղեցին է, որ հարաւային պատին վերից վար ճեղք է ստացել, իսկ հիւսիսային պատի հին ճեղքը մի քիչ աւելի լայնացել է… Ապա Լուսաւորիչ եկեղեցին է, որ ամենից շատ ճեղքեր է ստացել, իսկ Ս. Նշանն ու Աստուածածինը աւելի քիչ եւ մասնակի նշանակութիւն ունեցող: … Քաղաքի կործանման տպաւորութիւնն ահաւոր է. N 24 եւ 26 եւ նրանց կտրող 29 եւ 30 փողոցները՝ յատկապէս քաղաքի մի ծայրից մինչեւ միւսը, գրեթէ աւերուած է, տապալուած են ամբողջ պատեր…»:

Այդ երկրաշարժը նկարագրել է նաեւ Ալեքսանդր Շիրվանզադեն. «Քանի մոտենում ենք Լենինականին, այնքան գնացքը դանդաղեցնում է ընթացքը: Այդպես չի եղել առաջ. պարզ է, որ երկրաշարժը վնասել է եւ երկաթուղուն, աղավաղել նրա գիծը… Գիշերվա ժամի 2-ն էր, երբ հասանք վերջին կայարանը: Պլատֆորմի վրա խառնվել է ահագին բազմութիւն, որ անմիջապես հարձակվում է գնացքի վրա, իրարու հրելով, անիծելով, հայհոյելով: Խուճապն, ուրեմն, շարունակվում է, չնայելով, որ հիսունմեկ ժամ է անցել աղետի վայրկյանից… Շարքերը մի կերպ ճեղքելով մտնում եմ առաջին հարկի դահլիճը: Քարե հատակի վրա սփռված են մարդկային կույտեր, գրեթե իրար վրա…»:

1930թ. մայիսի լույս 7-ի գիշերը ժամի 1 եւ 50 րոպեին Լենինականում զգացվել են ստորերկրյա թույլ ցնցումներ: Իսկ 1933թ. նոյեմբերի 16-ի երկրաշարժը առանձնապես ուժեղ է զգացվել Բայանդուր գյուղում, Անի ու Աղին երկաթուղային կայարաններում: Բայանդուրում երեք տան մեջ ճեղքվածքներ են առաջացել: Բնակիչները դուրս են եկել տներից եւ գիշերել վրաններում:

Սակայն, ամենասոսկալին տեղի ունեցավ 1988թ. դեկտեմբերի 7-ին, որին ըստ պաշտոնական տվյալների՝ զոհ գնաց շուրջ 25 հազարից ավելի մարդ, ավերվեցին Լենինական, Կիրովական, Սպիտակ քաղաքներն ու բազմաթիվ շրջակա գյուղեր:

Արամայիս Սահակյանը «Դիմացի՛ր ժողովուրդ» բանաստեղծությունում գրել է.

Օ՜, Լենինական… Գյումրի փառավոր,

Ծիծաղիդ օրը դարձավ սգի օր:

Ամենաուրախ քաղաքը մեր լավ,

Ամենատխուր քաղաքը դարձավ:

Արդեն հոգնել ենք ողբերգությունից.

Ամեն տեսակի դժբախտությունից…

Մենք այսօր շա՜տ ենք ցնցվա՛ծ, բզկտված…

Թող վերջին վի՛շտը լինի սա, Աստված:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի

գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031