Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ պետք է արմատախիլ արվի ԶՈՒ-ումու ցանկացած ոլորտում դավաճանական ցանկացած երեւույթ՝ թշնամու հետ համագործակցողը դավաճան է, Արցախն ուրացողը՝ եւս. «Խնդիրը մեր անվտանգային համակարգը ամրացնելը չի, հակահետախուզությունը չի, խնդիրը առանց վերջնական դատավճռի՝ հասարակությանը այդ տեղեկատվությամբ թեւաթափ անելու, ԶՈՒ-ի նկատմամբ անվստահության հարցն է»:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը արձագանքեց. «Ես ուզում եմ դավաճանության մի տարբերակի մասին խոսել՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ ինչ-որ քաղաքական թիմի հետ ուզում են ճանապարհ անցնել, հետո ինչ-որ իրավիճակում այդ քաղաքական թիմից դուրս են գալիս ու սկսում են այդ թիմին հայհոյել: Ես կարծում եմ, դա էլ է դավաճանության տեսակ ու դրա մասին էլ պիտի խոսել: Անդրադառնամ 5-րդ շարասյանը: Աննա Գրիգորյանն ասում է՝ դավաճանության պատճառով բանակը գրավիչ չի դառնում: Սեպտեմբերի 14-ին պատգամավորները ԱԺ-ի դարպասների մոտ ողջունում էին, որ ԱԺ դարպասները մարդիկ ջարդեին: Բանակը թուլացնում են բոլոր նմանատիպ գործողությունները»:
Ընդդիմադիրները սկսեցին հակադարձել: Դավոյանն ասաց. «Զանգեզուրի միջանցքի մասին որտեղի՞ց է եկել, դրա մասին կխոսե՞ք, դա 5-րդ շարասյո՞ւն է, թե՞ 5-րդ շարասյուն չի: Երբ ասում են՝ վարչապետը բանավոր խոստացել է, դա 5-րդ շարասյուն չի՞: Կգաք ինչ-որ վեհ գաղափարներից կխոսաք ու կասեք՝ ինչո՞ւ են հղում կատարում 5-րդ շարասյանը: Մի՛ հուզվեք, թող հուզվի նա, ով 5-րդ շարասյան հետ կապ ունի»:
Կարդացեք նաև

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































