Apple TV+ սթրիմինգային ծառայությունը մարտի վերջին իր բաժանորդների համար կցուցադրի «Տետրիս» («Tetris») գեղարվեստական ֆիլմը, որը կպատմի հայտնի խաղի ստեղծման ու գրանցած հաջողությունների պատմությունը։ Սակայն ֆիլմը ներկայացնում է խորհրդային տարածքում ստեղծված այդ խաղի պատմության միայն մի կողմը։
The Hollywood Reporter-ի առաջարկով Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սյունակ է գրել գրեթե 40 տարի առաջ Խորհրդային Միությունում ստեղծված «Tetris»-ի և դրան որպես շարունակություն հաջորդած իր համահեղինակած «Wordtris» խաղի մասին։ The Hollywood Reporter-ը նշում է, որ «մինչև Հայաստանի նախագահ դառնալը՝ Արմեն Սարգսյանը գիտնական էր, ով հնարավորություն ուներ շատ մոտիկից հետևելու այն խարդավանքներին ու աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք տեղի էին ունենում պաշտամունքային դարձած «Տետրիս» («Tetris») և դրան հաջորդած «Վորդտրիս» («Wordtris») խաղերի շուրջ»։
«Ընկերներիցս մեկը վերջերս ինձ ուղարկեց «Apple TV+»-ի առաջիկա ֆիլմի թրեյլերը՝ հարցնելով․ «Ի՞նչ ես կարծում, սրա ո՞ր մասը ճշմարիտ կլինի»։ Ֆիլմը, որի մասին նա հարցնում էր, «Tetris»-ն է՝ կախվածություն առաջացնող, խորհրդային տարածքում ստեղծված տեսախաղ, որը 1980-ականներին գրավեց Արևմուտքը։ Քանի որ ես այն դեռ չեմ դիտել (ֆիլմը ցուցադրվելու է մարտի վերջին), չեմ կարող մեկնաբանել դրա ճշմարտացիությունը»,- գրում է Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ ներգրավված տաղանդավոր դերասանական ու ստեղծագործական կազմը ֆիլմի հետ կապված մեծ հույսեր է ներշնչում:

Ներկայացնելով «Վորդտրիս»-ի ստեղծման պատմությունը՝ Հայաստանի չորրորդ նախագահը գրում է, որ այն ստեղծվել է «Տետրիս»-ի հետ նույն ժամանակահատվածում, մի նախագծի արդյունքում, որն ինքը ղեկավարել է 1980-ականների սկզբին, և որի նպատակն էր ստեղծել ֆաքսի մի սարքավորում, որն ինֆորմացիան փոխանցելիս այն կթարգմաներ մի լեզվից մյուսը։ «Ես տեսական ֆիզիկայի երիտասարդ պրոֆեսոր էի Երևանի պետական համալսարանում, որտեղ հիմնադրել էի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը։ Գործընկերներս՝ Սերգեյ Ուտկինն ու Վյաչեսլավ Ցոյը, Մոսկվայում գործող գիտնականներ էին։ Մենք օգտագործեցինք ֆաքսի մեքենայի համար մշակված հավելվածները կրթական խաղի համար, որտեղ խաղացողը պետք է վերևից թափվող տառերով բառեր կազմեր։ Այն մեր ընկերներին ցույց տալուց հետո մոռացանք դրա մասին ու շարունակեցինք ապրել մեր կյանքով։ Սերգեյն ու Վյաչեսլավը շարունակեցին իրենց փայլուն գործունեությունը Մոսկվայում, իսկ ես՝ որպես մաթեմատիկոս ու տեսաբան ֆիզիկոս, մեկնեցի հետազոտություն իրականացնելու Քեմբրիջի համալսարանում։
Կարդացեք նաև
Մինչ ես այնտեղ էի, շշուկներ էին պտտվում, թե ամերիկացի գործարարները հետաքրքրված են Խորհրդային Միությունում ստեղծված տեսախաղերով»,- նշում է Հայաստանի չորրորդ նախագահը։
Նա պատմում է, որ 1987 թվականին, երբ խորհրդային իշխանությունների համաձայնությամբ մեկնել էր հետազոտական աշխատանքներ իրականացնելու ԱՄՆ Հարվարդի և Բերքլիի համալսարաններում, իր հետ տարել էր «Վորդտրիս»-ի կոդերի պատճենները։ «ԱՄՆ հայկական սփյուռքի փաստաբանները խորհուրդ տվեցին խաղի հեղինակային իրավունքները գրանցել ԱՄՆ-ում հիմնված ընկերության անունով։ Նրանք անգամ ընդհանրական անուն առաջարկեցին։ Ես առաջարկեցի «Արմենիկա»՝ անգլերեն Հայաստան (Armenia) և Ամերիկա անուններից, գրանցեցինք այն Դելավերում, և հեղինակային իրավունքները փոխանցեցինք այդ ընկերությանը։ Հետո ես մեկնեցի Կալիֆորնիա՝ խաղը ցուցադրելու Spectrum Holobyte ընկերությանը, որը կապ ուներ տեսախաղեր ստեղծող բրիտանական Mirrorsoft-ի հետ»,– նշում է Հայաստանի չորրորդ նախագահը։
Նա պատմում է, թե ինչպես է Spectrum-ը, տպավորված լինելով խաղով, 1987-1988 թվականներին առաջարկում գալ Հայաստան՝ այն ամբողջությամբ տեսնելու համար։ Արմեն Սարգսյանը նշում է, որ Քեմբրիջի համալսարանում գտնվելու ժամանակ իր կուտակած կրթաթոշակով գնած IBM PC XT համակարգիչն իսկական ձեռքբերում դարձավ խաղի ստեղծման վրա աշխատող թիմի համար։ «Սերգեյն ու Վյաչեսլավը տեղափոխվեցին Երևանի իմ տուն, որտեղ մենք կատարելագործում էինք խաղն իմ համակարգչի վրա։ Մենք այն դարձրինք երկլեզու և անգամ երաժշտություն ավելացրինք։ Վերջնական աշխատանքն իսկական արվեստի գործ էր։ Մենք այն չանվանեցինք «Վորդտրիս», այլ կոչեցինք «Լավենգրո»՝ հունարեն՝ «բառերի վարպետ»։ Սակայն ամերիկացիներն այլ գաղափար ունեին»,- գրում է Արմեն Սարգսյանը։
Նա պատմում է, թե ինչպես ամերիկյան կողմի էմիսարը, ՊԱԿ-ից խուսափելու նպատակով, որպես զբոսաշրջիկ էր եկել Հայաստան։ Իրենց ստեղծած աշխատանքը տեսնելով՝ հրավիրել էր ԱՄՆ՝ գործարքը կնքելու։ Արդեն 1988-89 թվականներին Կալիֆորնիայում Արմեն Սարգսյանը տեղեկանում է, որ խաղը կոչվելու է «Վորդտրիս» և վաճառվելու է որպես «Տետրիս»-ի շարունակություն։ «Ես ընդդիմացա, բայց ոչինչ չկարողացա փոխել։ Խաղը, որը երեք խորհրդային գիտնականներս մշակել էինք ինքներս մեզ զվարճացնելու համար, հանձնվեց տեսախաղեր մշակող 500-հոգանոց խմբին՝ վերանայելու և վերամշակելու համար։ Այն, ինչ նրանք ստեղծեցին շուկա դուրս բերելուց առաջ, նույնքան հիանալի չէր, որքան այն, ինչ մենք էինք ստեղծել, սակայն բողոքել չէինք կարող։

«Միևնույն ժամանակ, այսքան տարի անց ոգևորիչ է տեսնել, որ մեր գործընկեր, «Տետրիս»-ի ստեղծող Պաժիտնովը Հոլիվուդից ստանում է այն արժանի ճանաչումը, որը նրան հրաժարվեց տալ խորհրդային պետությունը»,- եզրափակում է Հայաստանի չորրորդ նախագահը։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ




















































