Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոմեո եւ Ջուլիետ»-ը ու Ջուլիետը՝ «Արտավազդ»-ի մրցանակակիրներ

Ապրիլ 06,2023 13:00

Ներկա գտնվելով կամ դիտելով ցանկացած մշակութային մրցանակաբաշխության տեսագրություն, արձանագրում ենք, որ հաղթողներից շատերը, որպես օրենք, չափազանց հուզված, շնորհակալական խոսքը սկսում են հետեւյալ նախադասությամբ՝ «Ինձ (կամ՝ մեզ) համար իսկապես անակնկալ էր… Շնորհակալություն ենք հայտնում Աստծուն…»։ Թեեւ ժամանակ անց պարզվում է, որ որոշ դեպքերում ամենեւին էլ անակնկալ չի եղել մրցանակը։ Ցանկացած մրցանակաբաշխությունից հետո ասեկոսեների պակաս չի զգացվում, բայց դա չի ազդում արդյունքի վրա։ Ասեկոսեների պակաս չկար նաեւ Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հայաստանի թատերական գործիչների միության անցկացրած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից հետո։ Այս տարի այն անցկացվեց 22-րդ անգամ։ Հոդվածը ասեկոսեներին անդրադառնալու, դրանք բարձրաձայնելու նպատակ չի հետապնդում։ Փոխարենը նշենք, որ ի պատիվ ժյուրիի, մասնագետները մեծ հաշվով գոհ էին արդյունքներից։ Բերենք ընդամենը մեկ օրինակ. «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը (խորեոգրաֆ՝ Օլեգ Վինոգրադով) եւ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ բալետի արտիստ Անահիտ Վասիլյանը (Ջուլիետ)։

«Ռոմեո եւ Ջուլիետ»-ի պրեմիերան Երեւանի թատրոնում կայացավ 2022թ. օգոստոսի 1-ին, որն իրականացրեց 85-ամյա լեգենդար խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովը։ Ժամանակին մեզ հետ զրույցում նա տեղեկացրել էր, որ այս բալետը առաջին անգամ բեմադրել է իր կարիերայի սկզբում, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Հետաքրքրությանն էլ ի պատասխան նշել էր, թե Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում հիշյալ բալետը բեմադրելու հրավերը իրեն ամենեւին չէր վախեցրել։ Աշխատանքները սկսելուց առաջ ձեռքն էր վերցրել Շեքսպիրի նույնանուն գործը՝ Պաստեռնակի թարգմանությամբ, բայց այդ անգամ ծանոթ ողբերգությունը ընթերցել էր Պրոկոֆեւի երաժշտության ներքո. «Բարդ կերպար է Ջուլիետը, այն հոգեբանական բարդությամբ եւ բնավորության զարգացմամբ ավելի մոտ է օպերային հերոսուհիներին, իսկ Պրոկոֆեւը մեծ հոգեբանի նման թափանցել է Ջուլիետի կյանքի ու ճակատագրի գաղտնիքների մեջ։ Կոմպոզիտորը իսկական հանճարին բնորոշ կերպով օգտագործել է երաժշտական արտահայտման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են դինամիկ ու տեմպային երանգները, շեշտադրումները, գործիքավորումը եւ այլն…»։


Այն ժամանակ մեր հարցին՝ մեր թատրոնում գտե՞լ է հայուհի Ջուլիետ, խորեոգրաֆն առանց վարանելու բարձրաձայնել էր այսօր արդեն «Արտավազդ»-ի մրցանակակիր Անահիտ Վասիլյանի անունը։ Իսկ բալետի պրեմիերայից հետո, դատելով հանդիսատեսի արձագանքից, փաստեցինք, որ ընտրությունը գերազանց էր կատարված. այս փխրուն պարուհին եւ տեխնիկապես, եւ հուզական խաղով բարձրարվեստ ներկայացրեց 13-ամյա հերոսուհու կերպարը։




«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Անահիտ Վասիլյանից խնդրեցինք ներկայացնել մինչ Ջուլիետը իր կերտած կերպարները։ Առաջին կերպարին՝ Մարիին՝ Չայկովսկու «Մարդուկ Ջարդուկ»-ում (2019թ.), հաջորդել են Ֆրիգիան, Նինան՝ Խաչատրյանի «Սպարտակ»-ում ու «Դիմակահանդես»-ում եւ Ժիզելը՝ Ադանի համանուն բալետում։ Անցյալ տարի մեր թատրոնի բալետային խմբի կազմում պարուհին Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել է «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացմանը։ Նույն՝ 2022թ., մենապարող Րաֆֆի Գալստյանի հետ հանդես է եկել Աստանայի օպերայի եւ բալետի թատրոնի «Սպարտակ» ներկայացմանը՝ մարմնավորելով Ֆրիգիային։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր դերապար է պատրաստում։ Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու ու անուններ հնչեցնելու ընդամենը նշեց, որ մեր հանդիսատեսին մեծ անակնկալ է սպասվում. բալետային խումբը ձեռնամուխ է եղել բալետի համաշխարհային գրականությունից ռուս անվանի կոմպոզիտորի՝ աշխարհին հայտնի բալետներից մեկի բեմադրական աշխատանքներին, ինչն իրականացնելու համար Երեւան կժամանի դարձյալ աշխարհին հայտնի պարուհի ու խորեոգրաֆ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումից։

«Առավոտ» օրաթերթ
05.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930