Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթն ամուր թիկունք է». մեկնարկեց Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

Հոկտեմբեր 18,2022 17:12

Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 17-ից 22-ը` «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Երևանի շեքսպիրյան միջազգային փառատոնը 2022-ին հանդես կգա հատուկ շեշտադրումով․

«Սեպտեմբերի 13-ից հետո մեր գլխավոր հովանավորի՝ «Մենք» կազմակերպության հետ որոշեցինք՝ ակցիա-փառատոն պետք է լինի, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրությանը, ուստի հանդես ենք գալիս #SaveCulture #StopAggression թեմայով»,- փառատոնի բացմանը ասաց տնօրեն Կարո Բալյանը:

«Այս տարի Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվում են հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք և փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության»,- փառատոնի բացմանն ասաց «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Գրիգորյանը։

Մշակույթն ամուր թիկունք է Հայաստանի համար, հատկապես հիմա մշակութային գործիչներն իրենց աշխատանքով պետք է հենասյուն դառնան հայրենիքի համար։

Фառատոնի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ, որի բեմադրող բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովն է:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։

Երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։

Նշենք, որ փառատոնի նորություններին կարելի է հետևել https://www.tobe.am նորաստեղծ կայք-էջի միջոցով։

Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021-ին։ Առաքելությունն է՝ աջակցել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում անհատների և նախագծերի, որոնք կրում են սոցիալական և/կամ կրթական ուղղվածություն՝ ապահովելով դրանց հետագա անխափան գործունեությունը:

Առողջապահության բնագավառում ֆինանսավորում ընդգրկում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի և քաղցկեղով ախտորոշված հիվանդների բուժման ծախսերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31