Փետրվարի 15-ից մարտի 5-ը Վենետիկի Palzzo Pisani- Revedin արվեստի կենտրոնում կայացավ Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» խորագրով ցուցահանդեսը, որ հնարավոր եղավ կյանքի կոչել «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ, Վենետիկի քաղաքապետարանի եւ Վենետիկում Հայաստանի հյուպատոսության գործուն մասնակցությամբ։ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսն ուղղակի իրադարձություն էր: Մինչեւ վերջերս նրա «երեւակայական հոգիների դիմակները» ամբողջացրել էին վենետիկյան տոնահանդեսի խորհուրդը եւ դիտողին պարգեւել «Երազ երազի մեջ»: Արշակն իր գեղարվեստական գործունեությունը սկսել է շատ երիտասարդ տարիքում՝ դասական աշխարհի ոգին համադրելով ժամանակակից տարրերի հետ եւ ստեղծելով սյուրռեալիստական կերպարներ՝ իրականության եւ երեւակայության միջեւ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա իր ուրույն ու անքակտելի տեղն ունի հայ ժամանակակից արվեստում: Վենետիկյան արվեստասերներին «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել էր արվեստագետի` երազի եւ երեւակայության միջեւ ապրող գեղանկարների, գծանկարների հարուստ ընտրանի, նաեւ հատուկ կառնավալին նվիրված ինստալացիա եւ պերֆորմանս։





Կարդացեք նաև

«Իսկ այս անգամ Արմինե Անտիկյանն առաջարկեց ցուցահանդեսն իրականացնել Վենետիկի սրտում՝ Palazzo Pisani Revedin-ում»,-հավելեց նկարիչը:
Արմինե Անտիկյանի խոսքով, սովորաբար օտարերկրյա ցուցադրությունների պարագայում աջակցությունները լինում են հյուպատոսարանների, դեսպանատների մակարդակով, սակայն Արշակի ցուցահանդեսի գաղափարը սիրվել եւ ընդունվել է նախ Վենետիկի քաղաքապետարանի կողմից, դրանից հետո դիմել են ՀՀ պատվո հյուպատոսությանը եւ ստացել աջակցություն: Ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում:
Արշակ Սարգսյանի ձեւակերպմամբ. «Մենք Վենետիկում օտար մեկը չենք, իմ նկարչությունն իրենց համար հարազատ էր, իրենք շատ գնահատում են մի բան, որ ընկալում են, եւ իրենք մի քանի սերնդով են ընկալում, թե դու որտեղից ես գալիս»:
Արմինե Անտիկյանը հավելում է, որ Իտալիայում Արշակի արվեստը կարեւորվել է հնի ու ժամանակակցի համադրման համատեքստում:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձանք նկարչի երեւակայական կերպարներին: Արշակ Սարգսյանն ասաց, որ իր նկարչությունը յուրատեսակ երկխոսություն է. «Մարդը նայում է, եթե իրեն հոգեհարազատ է, երկխոսությունը շարունակվում է, ասես վավերագրական ֆիլմ լինի: Ես ստեղծում եմ շերտեր՝ մտածելու համար: Իմ նկարչությունը հատուկ է իր չավարտունությամբ, ամեն ինչ ընթացքի մեջ է, ինձ համար դա որպես կոնցեպտ իմ արվեստում գոյություն ունի: Ոնց որ թիթեռը միկրոսկոպով նայելիս ուրիշ պատկեր է լինում, մինչդեռ իրականում թիթեռն այլ տեսք ունի, այդպես էլ իմ արվեստն է: Այն շերտ առ շերտ հավաքվում է ու ստացվում է այն, ինչ գոյություն ունի: Այդ միկրոսկոպի տեսարանն իմ աչքը տեսնում է, որը իմ նկարչության մեջ եմ ցույց տալիս… Իրականում ես հատուկ մեսիջ չունեմ ինչ-որ բան նշելու կամ հերքելու, իմ ավեստում նաեւ շատ հումոր կա»:
Արշակ Սարգսյանի խոսքով. «Այս կյանքը բանալ է… Եվ եթե դու ուզում ես կենտրոնանալ, պետք է բլոկավորես շատ բաներ… եթե արվեստագետը էգոիստ չէ, չի կարող արվեստով զբաղվել, որովհետեւ քո էգոյի շնորհիվ ես կարողանում ինչ-որ բան ստեղծել»: Մեր դիտարկմանը՝ թեեւ ասում է կյանքը բանալ է, բայց իր արվեստում ամեն ինչ վառ է, հեքիաթային, Արշակ Սարգսյանն այսպես է արձագանքում. «Կյանքում հետաքրքիր ապրող շատ մարդիկ կան… Ամեն ինչ քո մեջ է ձեւավորվում, նայած ինչի ես ձգտում, ինչի մասին երազում: Օրինակ, ես երազում եմ, որ այս երկրում պատերազմ չլինի, ուրիշ երազանք չունեմ: Իսկ այն, ինչ կա իմ արվեստում, փոքր բան է, ես մեծ բան չեմ անում, չեմ գնում Յուպիտեր ու հետ գալիս, երկրագնդի վրա մի նոր մատրիցա չեմ ստեղծում… Ավելի շատ մտածում եմ մեծ իդեաների մասին, որովհետեւ կան մեծ իդեաներ ու շատ անձնական բաներ… Իմ լավ զգալը շատ հարաբերական է, կարող եմ ջուր խմել ու դրանից լավ զգալ, բայց դա միայն ինձ է վերաբերվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Անտիկյան» ցուցասրահը:
«Առավոտ» օրաթերթ
06.04.2023



















































