Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Առերեսման է ներկայացվել երեք այլ անձ, յուրաքանչյուրը քսան տարով երիտասարդ, չէին կրում ակնոց, ինչպես կրել է եզդի տղան»

Ապրիլ 12,2023 15:00

«Զայրացած եմ ազգությամբ եզդի, անմեղ մարդու կալանավորման դատարանի որոշմամբ։ Դիմում եմ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներին, հատկապես՝ Եզդիների համայնքին:

Մեր երկրում ցույց ցրող ոստիկանների սուտ մատնություն, սուտ ցուցմունք տալու անպատիժ մնալու հետեւանքը հասավ նաեւ Ձեզ: Այսօր թիվ 17159323 քրեական վարույթով ԵԴ/0354/06/23 դատավորի որոշմամբ մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել է Ֆայիզո Մ.-ն, ով բացարձակապես Քրեական օրենսգրքով ոչ մի արգելված արարք չի կատարել։ Կոչ եմ անում միանալ անարդարության դեմ պայքարին, օգտագործելով համայնքի ռեսուրսները, որովհետեւ ստեղծված խայտառակ անիրավ վիճակում միայն իրավական միջոցները բավարար եւ էֆեկտիվ չեմ համարում»,-երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը բազմաթիվ օտարերկրացիների գործեր պաշտպանում ու նաեւ ինձ համար առաջին դեպքն էր, երբ նա դիմում է որոշակի համայնքի: Ինչո՞վ է բացատրված, երբ դու ՖԲ էջումդ դիմեցիր Եզդի համայնքին՝ հարցիս փաստաբան Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Իրականում դատական իշխանությունը ազատ չէ, դատավորը կայացրեց դատական ակտ, որը արդար չէ: Մեկ տուժող ոստիկանի ցուցմունքի հիման վրա կալանավորվեց եզդի քաղաքացին, ով առնչություն չունի դեպքի հետ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց նախադեպային որոշումներով (Մուշեղ Սաղաթելյանի գործով), անթույլատրելի են համարում, երբ մեկ ցուցմունքով անձը ենթարկվի քրեական հետապնդման: Իմ պրակտիկայում գոնե վերջերս, մեկ դեպք է եղել, երբ Նիդեռլանդիայի քաղաքացին կալանավորվեց մեկ ոստիկանի առերեւույթ սուտ ցուցմունքի հիման վրա, ինչի մասին հաղորդում տվել ենք, սակայն քննություն այդպես էլ չի իրականացվում»:

«Առավոտն» այդ մասին նույնպես գրել էր («Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար», «Առավոտ», մարտի 18)

Այսինքն՝ կա՞ հովանավորչություն, հարցիս փաստաբանը պատասխանեց. «Կա գործադիր իշխանության կողմից հովանավորչություն, քանի որ ոստիկանները համարվում են ցույց ցրողներ, այս կատեգորիայի ոստիկանները «պաշտպանության» տակ են, ՀՔԾ-ում, հակակոռուպցիոն կոմիտեում վարույթները ուշադրության չեն արժանանում: Մեր դեպքում էլ ոստիկանն ակտիվ ցույց ցրող է եղել»:

Ա. Մկրտչյանի պաշտպանյալը խուլիգանության եւ մարմնական վնասվածք պատճառվելու մեջ է մեղադրվում: Փաստաբանն ասում է, որ տեսել է ոստիկանի աչքի վնասվածքը, բայց հարվածողի ձեռքի վրա հետք չկա, մինչդեռ ոստիկանն ասել էր, թե նա բաց ձեռքով էր հասցրել հարվածը, ոչ այլ իրով:

Փաստաբանը, ով երեկ մասնակցել է կալանավորման նիստին, ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ առերեսման ժամանակ իր պաշտպանյալի հետ առերեսման է ներկայացվել երեք այլ անձ, յուրաքանչյուրը քսան տարով երիտասարդ, չէին կրում ակնոց, ինչպես կրել է եզդի տղան, կազմվածքով էլ, 20-25 կիլոգրամով թեթեւ էին:

Մեկ այլ զավեշտի մասին էլ բարձրաձայնեց փաստաբանը մեր զրույցի ժամանակ. «Զավեշտն այն է, որ խափանման միջոց ընտրելիս հիմնավորել են այսպես. «տուժող կողմը կարող է վրեժխնդիր լինել»: Այսինքն, ինչ է ստացվում, որ նախապես իմանալով, որ «տուժողը» կարող է անօրինական գործողություն կատարել, իմ պաշտպանյալի՞ն են կալանավորում: Հայ ոստիկանի ցուցմունքը արժանահավա՞տ է, երբեք չդատված, առաջին անգամ իրավապահ մարմին բերվածի ցուցմունքը արժանահավատ չի՞, արգելափակում են, դնում հիմնավորման մեջ եւ դատարանը բավարարել է»:

Այս գործով դատավորը Երեւան քաղաքի դատավոր Կարեն Ֆարխոյանն էր, իսկ քննիչը՝ որը որոշում է ներկայացրել, ոչ միջնորդություն խափանման միջոցի վերաբերյալ, Կարեն Սարգսյանը:

Ուշադրության արժանի է այն, որ քննիչը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննիչն է, նախաքննությունն էլ Հատուկ քննչական ծառայությունում չէ:

Վիճաբանող, նախաձեռնող կողմը՝ «զոհը» ոստիկանության աշխատակիցներ են: Երկու ոստիկան «դռիկ են տալիս», եզդուն են բաժին տանում:

Քննիչը, ըստ փաստաբանի, միջնորդություն չի տարել դատարան, այլ՝ որոշումը, որը կայացրել է: Այսինքն, դատարան է ներկայացվել փաստաթուղթ՝ որոշում, որն իր մեջ չի պարունակել դատարանի անուն, դիմում, իսկ դատարանը կողմնակալ էր, որ վարույթին ոչ համապատասխան փաստաթուղթը քննեց, բավարարեց:

Նշեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածով սահմանված է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցման կարգը, համաձայն որի, քննիչի՝ դատարան ներկայացվող որոշման մեջ պետք է նշվի իրավասու դատարանի անունը, միջնորդության հիմնավորումները, միջնորդությանը կցվող նյութերի ցանկը…

Դատարանում ներկայացված տասնմեկ փաստաթղթերից որեւէ մեկում Ֆայիզո Մ.-ի անհատական տվյալները չեն եղել:

Քննության ընթացքում տպավորություն էր, թե որոշումը կմերժեր, սակայն ըստ Ա.Մկրտչյանի. «հաղթեց դատավորի անձը՝ իշխանության ազդեցությունների տակ գտնվող անձը»:

Ա. Մկրտչյանը կբողոքարկի այս որոշումը, չնայած, կարծում է. «Դատական համակարգում որոշակի նշանակումներ են արվել, ոչ բոլոր թեկնածուների նկատմամբ եմ տրամադրված, անաչառ համարվող վերաքննիչ դատարանը խառնվել է, ինչպես ԲԴԽ նախագահը կասեր՝ «հեղափոխությունից հետո նշանակված դատավորները» նշանակողից, առաջարկողից կախվածության մեջ են գտնվում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Ոստիկանների ցուցմունք տալու հետ կապված հիշեցի Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործը, երբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել էր հետեւյալը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել եւ դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն եւ անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները եւ դիմումատուին որեւէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները»:

«Առավոտ» օրաթերթ
11.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930