Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար

Մարտ 18,2023 14:30

Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Հոսիեկ Սարկիսյանը երեկ «Առավոտում» էր: Նա 2022թ. մայիսի 7-ից Հայաստանում է:

Ընկերոջ հետ մեկ շաբաթով եկել էր հայրենիք, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին Գյումրի գնալով, ականատես է դառնում մի պատմության, որի պատճառով նրան մայիսի 11-ին Երեւանում բերման են ենթարկում, տանում ոստիկանության բաժին, իսկ ապա երեք օր պահում ձերբակալվածների պահման ժամանակավոր վայրում:

Հոսիեկն այդ ժամանակ անչափահաս էր, հայերեն չգիտեր, չէր հասկանում: Այս մեկ տարվա ընթացքում հարկադրաբար գտնվելով Հայաստանում՝ սովորում է հայերեն, իսկ նրա դատական գործընթացներին ներկա է թարգմանը: Զրուցակիցս ասում է, որ մինչ օրս բնակվում է վարձով, քանի որ անորոշ է իր կարգավիճակը՝ երկրից բացակայելու, անգամ իր ուսումը շարունակելու, քննական շրջանին մասնակցելու առումով: Նա որեւէ մեկին այստեղ չի ճանաչում, նրան որեւէ մեկը չի ճանաչում, քրեական գործով տուժողներին տեսել է դատարանում: Ի վերջո, նրա բազմանդամ ընտանիքը Նիդեռլանդներում է եւ նորին մեծություն թագավորը, ով հանդիսանում է նիդեռլանդացի ընտանիքների երաշխավորը, իր՝ Արքայի գրասենյակի միջոցով նամակ էր ուղղել ԱԳՆ, նրանք էլ մեր արդարադատական մարմիններին, հայտնելով խորը ցավակցությունն իրենց քաղաքացու հանդեպ, ծնողներից «որդու բռնի բաժանումը»: Գյումրիում, ուր ընթացել են հայտնի քրեական գործով դատական նիստերը, մեկ անգամ մասնակցել է Նիդեռլանդների դեսպանը:

Հիշեցնեմ, որ քրեական գործ էր հարուցվել ոչ միայն Հոսիեկ Սարկիսյանի, այլ՝ Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտիրոսյանի, Տարոն Մանուկյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գեւորգ Մուրադյանի, Վելիխան Խլղաթյանի նկատմամբ: Ըստ մեղադրական եզրակացության. «2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Վելիխան Խլղաթյանը եւ մի շարք այլ անձինք Գյումրի քաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար ավտոերթով Երեւանից ժամանել են Գյումրի ու ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղի 131 հասցում տեղակայված բնակելի շենքի դիմացի կանգառի մոտակայքը, եւ երբ ավտոերթի մասնակիցների կողմից ավտոերթի ընթացքին հետեւող անձանց՝ Արմեն Վարդգեսի Թառլոյանին, Մերուժան Եղոյի Յայլոյանին, Վասիլ Արամայիսի Հարությունյանին եւ Համլետ Վազգենի Մարտիրոսյանին ուղղված «միացեք մեզ» կոչերին ի պատասխան՝ ստացել են վերջիններիս բացասական պատասխանը, եւ ավտոերթի մասնակցի կողմից նույն անձանց հասցեին հնչեցվել է գյումրեցիների թուրք լինելու վերաբերյալ վիրավորական արտահայտությունը, եւ որին ի պատասխան՝ Համլետ Մարտիրոսյանն իր մոտ եղած հավկիթները նետել է ավտոմեքենաների ուղղությամբ, ավտոերթի մասնակիցները… մոտեցել են վերջիններիս եւ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն…», տարեց մարդկանց պատճառվել է ֆիզիկական ցավ:

Հոսիեկի դեմ ցուցմունք տված ոստիկանն ասել էր, թե նրան այլ հանրահավաքների ժամանակ է տեսել, մինչդեռ, դա ֆիզիկապես հնարավոր չէր, քանի որ Սարկիսյանը ընդամենը Հայաստան ժամանելու հաջորդ օրն է մեկնել Գյումրի, տեսնելու հինավուրց քաղաքը, իսկ ավտոմեքենայից իջել է, քանի որ նրանց ուղղությամբ նույնպես իրեր էին շպրտվել: Մեքենան հարկադրված է կանգնել: Նշեմ, որ թե վարոդը, թե մեկ շաբաթով իր հետ եկած ընկերը վկա չեն եղել, նախաքննական մարմին չեն կանչվել:

Գործը մայիսի 31-ից Շիրակի մարզի ընհանուր իրավաության դատարանի դատավոր Ռ. Սմբատյանի վարույթում էր:

ՁՊՎ տեղափոխման պահից նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Վերջինս «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ միջնորդություն է ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Սմբատյանին, ով, ի դեպ, այն դատավորներից մեկն է, ով տեղափոխվեց մայրաքաղաք՝ չավարտելով այս գործով դատաքննությունը: Փաստաբանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված է անձնական երաշխավորություն խափանման միջոցը, որը երբեք իր պաշտպանյալի կողմից չի խախտվել: Դատական վերջին նիստը տեղի էր ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին: Նրանց այլեւս դատարան չեն հրավիրել, եւ նիստերը հետաձգվել են հիմնականում վկա ոստիկանների՝ ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով: Արսեն Մկրտչյանը դատարանին հայտնել էր, որ ուսումնական գործընթացից տեւական ժամանակ բացակայել է Հոսիեկը, ինչի կապակցությամբ նա դպրոցից ստացել է նախազգուշացում՝ հեռացվելու վերաբերյալ, ինչը, ըստ փաստաբանի միջնորդության, նրանց երկրում ոչ միայն իրավունք է, այլ պարտականություն:

Հոսիեկի պատշած վարքագիծը երաշխավորել էին նաեւ Հայ Մարմնակրթական ընդհանուր միության Ատենապետը, որը երաշխավորել է ուսումից հետո տղայի վերադարձը Հայաստան՝ դատական գործընթացներին: Գործին կցվել էր նաեւ Հոսիեկ Սարկիսյանի դպրոցի տնօրինության գրությունը, թարգմանված:

Նիդեռլանդների Թագավորության հյուպատոսական հարցերի եւ վիզաների քաղաքականության, հյուպատոսական սոցիալական հարցերի տնօրինության ղեկավար Յապ Կուդուդը ծնողներին տեղեկացրել էր. «Ձեր որդու փաստաբանը կապ է հաստատել նորանշանակ դատավորի օգնականների հետ՝ ուշադրություն հրավիրելու այս խնդրի վրա՝ հուսալով, որ դա կարագացնի «Ճանապարհորդության արգելքը» վերացնելու նորացված պահանջը»:

Ի դեպ, մեկ այլ գրությունից տեղեկանում ենք, որ Հոլանդիայի դեսպանի եւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակցի միջեւ վերջերս տեղի է ունեցել զրույց, նշվել է, որ փաստաբանը միայն կարող է գրավոր հարցում ուղարկել դատարան, խնդրելով վերացնել մուտքի արգելքը, իսկ դեսպանատունն էլ կաջակցի այդ գրավոր խնդրանքին «հումանիտար նկատառումներով»: «Ինչպես գիտեք, դեսպանատունը չի կարող վերադարձի երաշխիք տալ»,-նշել էին պաշտոնական գրության մեջ:

Պաշտպան Մկրտչյանը անցյալ տարվա հուլիսի 29-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան, գրավ-խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, խնդրել այն բավարարել: Միաժամանակ խնդրել է իր պաշտպանյալ Հոսիեկ Սարկիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացնել, ընտրել այնպիսի խափանման միջոց, որի պայմաններում վերջինս կարողանա դուրս գալ ՀՀ սահմաններից եւ իր երկրում մասնակցի դասերին: Պաշտպանը նշեց նաեւ, որ դասերին չմասնակցելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հ. Սարկիսյանի վրա: Հավելեց, որ եթե Հ. Սարկիսյանի նկատմամբ ընտրվի այլ խափանման միջոց, որի պայմաններում ամբաստանյալը կարողանա դուրս գալ ՀՀ սահմաններից, ապա դատարանի յուրաքանչյուր պահանջի դեպքում Հ. Սարկիսյանը կգա Հայաստան եւ կներկայանա դատական նիստին: Դատարանը մերժել էր, մինչդեռ այդ ժամանակ գրավ էր կիրառվել ամբաստանյալներից երեքի նկատմամբ: Հոկտեմբերի վեցին նույնպես գրավի միջնորդություն է քննվում դատարանում (Գ. Սարգսյանի եւ Տ. Մանուկյանի):

Տեղեկացնենք, որ այս գործով նոր դատավոր կա՝ Հ. Իսրայելյանը, ով մարտի 7-ի որոշմամբ նստավայրն է նշանակել, Մարալիկ նստավայրում՝ Գյումրու փոխարեն, եւ՝ որոշում է կայացրել «գործի քննությունը վերսկսելու մասին»: Անդրանիկ նիստի օր է նշանակվել մարտի 14-ին, որի մասին պաշտպանական կողմը տեղեկացված չէր, իսկ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում նշվել էր ժամկետը հետին թվով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031