Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։
Նշենք, որ գիշերվանից էին սկսել որոնողական աշխատանքները, նույնիսկ ստուգում էին անտառային կածանները։ Ըստ մեր տեղեկությունների նրան ճանաչել ու բռնել է Կապանի անտառապահներից մեկը։ Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է պտուտակահան, նոթատետր եւ փամփուշտներ։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»։
Կարդացեք նաև
Երկրորդ ադրբեջանցու մասին Փաշինյանն ասել էր, թե որոշել է ետ գնալ հայրենիք․ «Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»։
Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին Հայաստանի հետ սահմանին անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ։ Ըստ «Ազատության»՝ սա հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
«Հայաստանի հետ սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովը (ծնված 2004թ.) և Հուսեյն Ախունդովը (ծնված 2003թ.) անհետացել են։ Հաշվի առնելով զինծառայողներին Հայաստանի տարածքում պահելու հավանականությունը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացվել համապատասխան միջազգային կազմակերպություններին», – ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































