Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցուն բռնել է Կապանի անտառապահներից մեկը

Ապրիլ 13,2023 13:46

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։

Նշենք, որ գիշերվանից էին սկսել որոնողական աշխատանքները, նույնիսկ ստուգում էին անտառային կածանները։ Ըստ մեր տեղեկությունների նրան ճանաչել ու բռնել է Կապանի անտառապահներից մեկը։ Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է պտուտակահան, նոթատետր եւ փամփուշտներ։

Նույն աղբյուրների համաձայն, որոնողական աշխատանքներին մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն, ըստ ականատեսների, ողջ գիշերը, Կապանի տարածաշրջանի անտառներում էր՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ միասին։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»։

Երկրորդ ադրբեջանցու մասին Փաշինյանն ասել էր, թե որոշել է ետ գնալ հայրենիք․ «Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»։

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին Հայաստանի հետ սահմանին անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ։ Ըստ «Ազատության»՝ սա հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

«Հայաստանի հետ սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովը (ծնված 2004թ.) և Հուսեյն Ախունդովը (ծնված 2003թ.) անհետացել են։ Հաշվի առնելով զինծառայողներին Հայաստանի տարածքում պահելու հավանականությունը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացվել համապատասխան միջազգային կազմակերպություններին», – ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930